Հռոմի պապի հայտարարությունները հարուցել են մահմեդականների վրդովմունքը

Մահմեդական աշխարհը վրդովված է իսլամի մասին Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապի` Գերմանիայում արած հայտարարությունների կապակցությամբ: Իսլամական տարբեր պետություններ սուր քննադատության են ենթարկել Պապին` պահանջելով, որ վերջինս ներողություն խնդրի:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Բավարիայի Ռեգենսբուրգ քաղաքի համալսարանում կարդացած դասախոսության ընթացքում Բենեդիկտոս 16-րդը կոչ էր արել «մտածել ջիհադի (սրբազան պատերազմի) իսլամական հայեցակարգի մասին, որը հակասում է բանականությանը եւ աստվածային էությանը»:

Թուրքական «Զաման» թերթի տեղեկություններով, Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին ի պատասխան հայտարարել է, թե «Պապը չէր ցանկանում իսլամը ներկայացնել որպես բռնություն քարոզող կրոն»: