Համաշխարհային բանկը հրապարակել է «կառավարման որակի» զեկույցը

Համաշխարհային բանկը այսօր հրապարակել է «Կառավարման որակի» զեկույցը, որն ընդգրկել է 1996-2005 թվականներին 213 պետությունների վերաբերող տեղեկություններ: Զեկույցը փաստում է, որ Հայաստանը առաջխաղացում է ապահովել տնտեսության մասնավոր հատվածի զարգացմանը նպաստող օրենքների ընդունման եւ գործադրման առումով:

Հեղինակները՝ Դենիել Քաուֆմանը ու Արթ Քրեյը նշում են, որ Հյուսիսային Ամերիկայի եւ Արեւմտյան Եվրոպայի բնակչությունն ունի բարձր կենսամակարդակ, ինչն ապահովում է լավ կառավարումը այդ երկրներում:

Առավել աղքատ երկրներում առկա է ոչ արդյունավետ կառավարում, հանցագործությունների եւ կոռուպցիայի աճ: Հեղինակները հաշվի են առնում 6 գործոն՝ ազատ ընտրությունների եւ ազատ խոսքի ապահովում, քաղաքական կայունություն եւ բռնության բացակայություն, կառավարման արդյունավետություն, տնտեսության մասնավոր հատվածի զարգացմանը նպաստող օրենքների ընդունում եւ դրանց արդյունավետ գործադրում, օրենքի իշխանություն, ինչպես նաեւ կոռուպցիայի վերահսկում:

Արթ Քրեյը «Ազատություն» ռադիոկայանին կարծիք հայտնեց, թե անպայման չէ, որ միայն հարուստ երկրներն ապահովեն լավ կառավարում. - «Այո, որպես կանոն, հարուստ երկրներում լավ կառավարում է, բայց պետք է ասեմ, որ կան նաեւ լավ կառավարում ապահոված ոչ հարուստ պետություններ, եւ դա լավատեսություն է ներշնչում: Դա ապացուցում է, որ լավ կառավարումը շքեղություն չէ, որը պետք է վայելեն միայն հարուստ երկրները»:


Արմեն Քոլոյան, Պրահա