Ծնողների կողմից լքված երեխաները շատանում են

Նրանցից մի քանիսն այստեղ հայտնվել են գիշերով. մայրերը նորածիններին դրել են շեմին ու անվերադարձ հեռացել: Երեխաներից ոմանք էլ պարզապես բարուրով նետված են եղել. մեկին անցորդները գտել են սանհանգույցում խեղդվելիս, մյուսին՝ դաշտում.

«Գուրգենին Զվարթնոցի շրջակա դաշտում ենք գտել, 5 ժամ առաջ էր ծնվել: Նետված էր խոտերի մեջ: Բայց արտառոց ոչինչ չկա», - պատմում է այդ 16 երեխաների խնամակալը՝ Լարիսա Հովսեփյանը: - «Իմ Աշոտի մայրը 5-6 երեխա է գցել, Անդրանիկիս մայրը՝ 11 երեխա: Նրանք բոլորն էլ շատ քույրեր, եղբայրներ ունեն տարբեր տեղեր ցրված: Կանանցից մեկը նույնիսկ 17 երեխա է լքել»:

Դեպքերը եզակի չեն: Պաշտոնական վիճակագրական տվյալներ թեեւ չկան, սակայն երեխաների իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ երեխաներին լքելու դեպքերը տարեկան 125-ով ավելանում են: Ավելանում է նաեւ տնային կամ փողոցային ծննդաբերությունների թիվը: Եվ եթե ծննդատանը մնացող երեխաների հարցը որդեգրումների միջոցով լուծվում է, ապա տնային ծննդաբերությունների պարագայում լքված երեխաները մահանում կամ համալրում են թափառաշրջիկների ու մուրացկանների շարքերը:

«Սա տրամաբանական շարունակությունն է 15 տարի առաջ սկսված սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, ինչի հետեւանքները տարեցտարի ավելի ենք զգում», - նշեց ՀՕՖ-ի Երեխաների ընդունման ու կողմնորոշման կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը: - «Անցանկալի ծնունդները շատացել են, եւ բազմաթիվ ծնողների համար ամենահեշտ ելքը այս երեխաներին լքելն է»:

Պատահական չէ, որ նման երեխաների թվի մասին պաշտոնապես որեւէ վիճակագրական տվյալ չկա. նրանց մեծ մասը չունի նույնիսկ ծննդյան վկայական: Անձը հաստատող փաստաթղթի տրամադրման համար ծննդատան, բնակության վայրի եւ նմանատիպ այլ տեղեկանքներ են անհրաժեշտ, ինչը փողոցում ծնված երեխաներին հասանելի չէ:

«Իմ երեխաներից 7-ը չունեն ծննդականներ: ԶԱԳՍ-ում ինձ ասում են՝ տեղեկանք բեր ծննդատներից: Ինչպե՞ս բերեմ, էս երեխեքը ախր փողոցներում են ծնվել. ես չեմ նրանց ծնել, որ իմանամ»,- վրդովված էր Հովսեփյանը: - «Նրանց ծննդաբերել ու շպրտել են, որտեղի՞ց ես թղթեր գտնեմ: Այս երեխաներից երկուսը 15 տարեկան են, վաղը պետք է բանակ գնան, ինչպե՞ս է հարցը լուծվելու: Ախր նրանք ուզում են ծառայել»:


Իրինա Հովհաննիսյան