Վրաստանում ձերբակալվել են ընդդիմության ակտիվիստները

Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են «Արդարություն» ընդդիմադիր կուսակցության շուրջ 30 ակտիվիստների:

Բացի «Արդարություն» կուսակցության ակտիվիստներից, ձերբակալվել են նաեւ Պահպանողական-միապետական կուսակցության առաջնորդ Գելա Ժորժոլիան եւ «Հակասորոս» շարժման առաջնորդ, իրավապաշտպան Մայա Նիկոլեիշվիլին:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը խոստացել է ձերբալակությունների մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ առաջիկայում, սակայն իրապաշտպանների տեղեկություններով, ձերբակալվածները մեղադրվում են հայրենիքի դավաճանության եւ հեղաշրջման փորձ կատարելու մեջ:

Ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության առաջնորդը Վրաստանի պետական անվտանգության նախարարության նախկին ղեկավար Իգոր Գեորգաձեն է, ով Վրաստանի եւ «Ինտերպոլ»-ի կողմից հետախուզման մեջ է: Նա մեղադրվում է 1995 թվականին նախագահ Շեւարդնաձեի դեմ մահափորձ, ինչպես նաեւ ներկա իշխանությունների օրոք հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: Գեորգաձեն բնակվում է Ռուսաստանում, որտեղ քաղաքական ապաստան է ստացել: