Արդյո՞ք հետեւում ենք առողջ ապրելակերպին

Բժիշկներն էլ ասում են, որ շատ հաճախ են իրենց դիմում ողնաշարի խնդիրներ ունեցող երիտասարդներ, իսկ սրա գլխավոր պատճառներից մեկը քիչ շարժվելն ու ընդհանրապես սպորտով չզբաղվելն է:

Անին երկար ժամանակ է զբաղվում սպորտով ու ասում է, որ ընկերները սպորտին վերաբերվում են որպես նիհարելու միջոց, սակայն այն ձեւավորում է նաեւ բնավորության այնպիսի գծեր, ինչպիսին են կամքի ուժն ու նպատակասլացությունը:

Հաճախ դպրոցներում կարելի է նկատել «Ապագա թիկնապահների պատրաստում» կամ էլ «Կարատեի դասընթացներ» վերնագրերով հայտարարություններ: Չնայած դժվար թե այսօրվա պետական այրերին պաշտպանող տղաներն այստեղից են սկսել, սակայն պարզվում է, որ այս հայտարարություններով առանձնապես հետաքրքրված չեն նաեւ պաշտպանելու եւ պաշտպանվելու կարիք չունեցող սովորական քաղաքացիները: Մեծ մասը ժամանակ չունի սպորտով զբաղվելու, մյուսներն էլ դեմ չէին լինի, բայց միշտ չէ, որ միջոցներն արդարացնում են նպատակը:

Ամեն տարի Հայաստանի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվում է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը: Այս տարվա հոկտեմբերին սպորտի հանդեպ մեծ սեր ունեցող նախագահը կրկին մրցանակներ է շնորհելու դպրոցականներին, որոնց շրջանում տարբեր սպորտային խաղեր են անցկացվելու:

Չնայած այս ամենին, գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվող աշակերտներն ու նրանց մարզիչը առանձնապես հիացած չեն այն պայմաններով, որ ապահովվում է նրանց համար: «Ձմռանը ստիպված ենք լինում 3 աստիճան ցրտին պարապել»,- ասում են նրանք: Իսկ մարզասրահներում աղջիկները ջանք չեն խնայում նիհարելու համար: «Տղա այցելուներ քիչ ենք ունենեում: Տխուր է, իհարկե, որ տղաներին չի հուզում իրենց կազմվածքը»,- ասում է մարզասրահի մարզիչը:

Ահա այսպես՝ մի կողմից, հորդորում են երիտասարդներին սպորտով զբաղվել, մյուս կողմից էլ, չեն ապահովում բավարար պայմաններ:


Անի Թադեւոսյան