Դի ջեյ Սերոժ. «Փորձում եմ «երիտասարդացնել» հայկական երաժշտությունը»

Առաջին լուրջ հաղթանակը Սերոժը տոնել է 2004 թվականին, երբ «Տատու» խմբի «Երեսուն րոպե» երգի նրա տարբերակը ընտրվեց Լիբանանի Առաջին ռադիոյի «Միքս իթ քոմպեթիշն» ծրագրի լավագույն միքսը: «Դեռեւս մանուկ հասակից սիրել եմ երաժշտությունը, իմ ծնողները նույնպես երաժիշտներ են, այժմ փորձում եմ միաձուլել հայկական երաժշտությունը եւ թրանս ոճը»,- ասում է դիջեյ Սերոժը:

Այս ոճում նրա առաջին հաջողված աշխատանքը՝ Արա Գեւորգյանի «Անի» մեղեդիի թրանս տարբերակը, ճանաչվեց cgmusic.com երաժշտական կայքի լավագույն մեղեդի: Վերջին երկու տարիների ընթացքում Սերոժը փորձում է համատեղել տրանսը եւ հայկական դուդուկը: Լիբանանցիներից շատերը սիրում են դուդուկը եւ հայկական մեղեդիները, սակայն նրանցից քչերը գիտեն, որ իրենց սիրած մեղեդիները հայկական են:

«Լիբանանի երիտասարդները սիրում են հաուս, թրանս ոճերը, ես փորձում եմ հայկական երաժշտությունը համատեղել այս նոր ոճերի հետ եւ դրա միջոցով տարածել մեր ազգային երաժշտությունը»,- ասում է Սերոժը:

Հետագայում լիբանանահայ երիտասարդը պատրաստվում է թողարկել իր նոր ձայնասկավառակը, սակայն ունի մի շարք խնդիրներ: Այժմ Լիբանանում սկավառակ թողարկելու ամենահարմար ժամանակը չէ: Երկիրը պատերազմի մեջ է, երիտասարդները աշխատում են տնից դուրս չգալ եւ որեւէ գործունեություն չծավալել, սակայն Սերոժը հույս ունի, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում կհաջողվի իրականացնել իր ցանկությունը:


Էրիկ Ղազարյան