Ստեփան Դեմիրճյան. «Բացատրություններ եւ մեկնաբանություններ, կարծում եմ, պարոն Դալլաքյանը պետք է տա»

«Որեւէ անսպասելի բան տեղի չունեցավ, իսկ բացատրություններ եւ մեկնաբանություններ, կարծում եմ, պարոն Դալլաքյանը պետք է տա»,- հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը՝ մեկնաբանելով խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի՝ «Արդարություն»-ից դուրս գալու մասին տեղեկատվությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե նեղացած չէ՞ արդյոք, որ իր գործընկերը լքում է ընդդիմադիր խմբակցությունը, Դեմիրճյանը պատասխանեց, թե նեղացածության մասին խոսելն ավելորդ է:

Մինչեւ Ազգային Ժողովի նստաշրջանը «Արդարություն» խմբակցությունը կընտրի նոր քարտուղար եւ ակտիվ կաշխատի խորհրդարանում: Առաջիկայում Վիկտոր Դալլաքյանի եւ «Արդարություն» խմբակցության հնարավոր համագործակցության մասին խոսելը Ստեփան Դեմիրճյանն առայժմ վաղ է համարում. «Ամեն դեպքում, եթե Դալլաքյանը հավատարիմ մնա իր ընդդիմադիր դիրքորոշմանը, համագործակցությունը չի բացառվում»:

«Արդարություն» խմբակցության անդամ, Ազգային-ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը նորմալ է վերաբերվում Վիկտոր Դալլաքյանի «Բարգավաճ Հայաստան» տեղափոխվելու մասին տեղեկություններին: «Բնական է, ընտրությունները մոտենում են, եւ տարբեր քաղաքական գործիչներ պետք է որոշումներ ընդունեն: «Արդարություն» դաշինքը ստեղծվել է 2003 թվականի իրականության մեջ: 2006 թվականի իրականությունը փոխված է: Այնպես որ, յուրաքանչյուր ոք ինքը պետք է որոշի, թե ի՞նչ ճանապարհով է գնում: Դա իր իրավունքն է»,- ասաց նա:

Խմբակցության մեկ այլ անդամ՝ «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը նույն հարցի առնչությամբ հայտարարեց, որ ինքը քաղաքական ազատության կողմնակից է, եւ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի իր տեղն ու դիրքը: «Մնում է ցանկալ, որ նոր քաղաքական միավորումում Վիկտոր Դալլաքյանը նույնքան սկզբունքային մնա, որքան «Արդարություն» խմբակցությունում էր»,- նշեց նա:

«Արդարություն» խմբակցության անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով, Դալլաքյանի քայլն անսպասելի չէր, եւ այդ հարցը, ըստ էության, լուծված էր: «Ամեն մարդ ինքն է որոշում կայացնում իր տեղի ու դերի մասին, ժամանակն էլ տվյալ արարքին գնահատական է տալիս»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, թե չի կարծում, որ այդ քայլով Դալլաքյանը կամ «Բարգավաճ Հայաստան»֊-ը ինչ-որ բան են ձեռք բերելու: «Ընդհակառակը, ես այն կարծիքին եմ, որ պրոիշխանական ամեն մի կուսակցություն լուծում է մեկ խնդիր. նրանք համախմբվում են, որ ամեն ինչ նույնը մնա: Իսկ մենք համախմբվում ենք ու գնում ենք փոփոխությունների, որպեսզի փոփոխություններն իրական լինեն: Ես չեմ տեսնում, թե «Բարգավաճ Հայաստանը»-ը որեւէ փոփոխություն է ուզում: Իրենց այսօրվա վիճակը լիովին բավարարում է, իրենք փոփոխություններն ուզում են, որ ամեն ինչ նույնը մնա: Եւ Վիկտոր Դալլաքյանը ավելացրեց այդ շարքերը»:

Հարցին, թե գուցե ընդդիմադիր խմբակցության արդեն նախկին քարտուղարն ապագա չի՞ տեսնում ընդդիմադիր դաշտում, Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ հավատում, որ պրոիշխանական կուսակցություններն ունեն բոլոր հնարավորությունները իշխանության գալու կամ իշխանությունը վերարտադրելու, ընդհակառակը»:

«Քաղաքական դաշտում գոյություն ունի իշխանական բուրգ, եւ այդ բուրգի գագաթում կանգնած են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնք բնորոշում են չարը, անարդարը, կեղծիքը, կոռուպցիան: Պետք է ձեւավորվի մեկ այլ՝ ընդդիմադիր բուրգ, որը պետք է ունենա իր գագաթը, եւ այդ գագաթը պետք է բնորոշի բարին, արդարը: Եւ այդ երկու բուրգերի միջեւ պետք է լինի պայքարը»,- համոզված է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:


Ռուզաննա Ստեփանյան