Սահմանադրական դատարանի որոշումն էլ չօգնեց Բուզանդի փողոցի բնակիչներին

Բուզանդի 15 հասցեի բնակիչ Նորայր Մկրտչյանը եւ նրա ընտանիքը Վերաքննիչ դատարանի որոշման հիման վրա վտարվել էին իրենց տնից անցյալ տարի: Քաղաքի կենտրոնում 120 քառակուսի մետր բնակարանի դիմաց նրանց առաջարկվել էր 46 հազար դոլար, որից Մկրտչյանները հրաժարվել էին եւ որեւէ պայմանագիր չէին ստորագրել:

«Ես մի ծանոթի տանն էի մնում, կինս՝ մեկ ուրիշի: Վտարման գումար են փոխանցել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հաշվի վրա, եւ եկել են ջարդելով տնից հանել են»,- «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Մկրտչյանը: Նա պատրաստվում է բողոքել, քանի որ իր տան տեղը «փոսը փորած է, այնտեղ ոչ մի շինարարություն չի գնում, դադարեցված է շինարարությունը»:

Մկրտչյաններն իրենց փաստաբանի՝ Վահե Գրիգորյանի խորհրդով դիմել էին Վերաքննիչ դատարան: Նրանց պահանջն էր, որպեսզի դատարանը, Երեւանի կենտրոնի կառուցապատմանը վերաբերող օրենսդրությունը եւ կառավարական որոշումը հակասահմանադրական ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի վճիռը դիտարկելով որպես նոր հանգամանք, բեկանի դատական նախկին որոշումը իրենց սեփականությունից զրկելու մասին: Սակայն Վերաքննիչ դատարանն այսօր ուժի մեջ թողեց նախորդ վճիռը՝ այն հիմնավորմամբ, որ հակասահմանադրական ճանաչված իրավական ակտերի ուժի մեջ լինելու վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է:

Փաստաբան Վահե Գրիգորյանի գնահատմամբ, նման քայլով հայաստանյան դատարանները պարզապես եւս մեկ քայլ են առաջարկում իրացման գոտիների բնակիչներին դեպի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Համենայն դեպս, Մկրտչյանները, որոնք մինչ այս Ստրասբուրգ չէին դիմել, այժմ պատրաստ են այդ քայլին:


Աննա Սաղաբալյան