Ջավախքին սպառնում է ծերացումը

«Աղջիկները Գանձայից հիմնականում հեռանում են ուսումը շարունակելու մտադրությամբ, իսկ տղաներից շատերը՝ ֆինանսական կարիքներից դրդված: Նրանք ավելի շատ աշխատանք են փնտրում Ռուսաստանում Հայաստանում», - ասում է 27-ամյա Հայկ Նալբանդյանը:

22-ամյա Անահիտ Հախվերդյանը եւս գանձացի է: Միջնակարգ կրթությունը ստացել է այստեղ, ուսումը շարունակում է Երեւանում ու արդեն 4-րդ տարին է, ինչ Գանձա է գալիս Ամանորից Ամանոր, կամ ամառային հանգստի ժամանակ: Ասում է, որ սիրում է իր գյուղն ու շատ կարոտում, բայց ավելի շատ ցանկանում է կիրթ ու զարգացած մարդ դառնալ: Անահիտն իրեն բախտավորների շարքին է դասում, քանի որ անձայից հեռու է ոչ թե նյութական կարիքները հոգալու անհրաժեշտությունից դրդված, այլ` ուսում ստանալու նպատակով:

Նա կիսում է գանձացի մեծահասակների մտահոգությունը, թե իրենց գյուղը կարող է մի օր առանց երիտասարդների մնալ: Ջավախքցի երիտասարդների մեծամասնությունը աշխատանք ու բնակության վայր է փնտրում հատկապես Հայստանում`հաճախ Ջավախք չվերադառնալու մտադրությամբ: Անահիտը, օրինակ, մտադիր է ուսումն ավարտելուց հետո հենց Երեւանում էլ մնալ: Մասնագիտությամբ սոցիոլոգ է, իսկ Գանձայում իր մասնագիտությամբ դժվար թե կարողանա աշխատել: Վրաստանի որեւէ այլ վայրում աշխատելու համար էլ անհրաժեշտ է գոնե լեզվին տիրապետել, իսկ վրացերեն ինքը միայն կարդում է ու հասկանում, բայց թարգմանել չի կարող:

«Դպրոցում ես բոլոր առարկաները հայերենով եմ անցել: Վրացերեն անցել ենք, բայց ոչ խորացված, ինչպես անցնում են այժմ: Վրացի երիտասարդների հետ էլ գրեթե չենք շփվել: Գանձայում վրացիներ չեն ապրում, եթե ապրեին, գոնե նրանց հետ շփվելով կսովորեինք լեզուն»:


Արփի Սուքիասյան