Փիթեր Սեմնեբի. «Ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը առաջնահերթություն է»

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը քննարկել է Եվրամիության «Նոր հարեւանության» շրջանակներում Գործողությունների ծրագիրը, Ղարաբաղյան հիմնահարցը, Հայաստան - հարեւաններ հարաբերությունները եւ գալիք խորհրդարանական ընտրությունները:

«Եվրամիության «Նոր հարեւանության» եւ, այսպես կոչված, Գործողությունների ծրագիրը փաստաթղթեր են, որ հիմնված են հիմնարար արժեքների վրա, եւ ընտրությունները, որ հետեւելու են Գործողությունների ծրագրի ուժի մեջ մտնելուն, կարեւոր, ես կասեի՝ խիստ կարեւոր փորձություն կլինեն Հայաստանի համար Եվրամիության հետ ապագա հարաբերությունների որակի տեսանկյունից», - երկուշաբթի օրը ասաց դեսպան Սեմնեբին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սեմնեբին ասաց, թե չի ուզում գնահատական տալ նախորդ ընտրություններին, քանի որ դրանք արդեն գնահատվել են (հիշեցնենք` բացասական) միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, բայց շեշտեց, որ Եվրամիությունը ակնկալում է, որ ընտրությունները կանցկացվեն «եվրոպական բոլոր արժեքներին, չափանիշերին եւ կանոններին համապատասխան»:

Ի պատասխան հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար նման ընտրությունների անցկացումը ձախողելը, Սեմնեբին արձագանքեց. - «Ի վերջո Հայաստանը պարտավորություն է ստանձնել այն մանրամասն, հեռու գնացող փաստաթղթում, որը կարգավորում է Հայաստան - Եվրամիութուն հարաբերությունները, որ ազատ եւ արդար ըտրությունների անցկացումը առաջնահերթություն է, ուստի ես ակնկալում եմ, որ ընտրությունները ազատ եւ արդար կլինեն»:

Վարդան Օսկանյանը ասաց, որ Եվրամիությունում ներկայումս նախագահող Ֆինլանդիան արդեն տեսնում է հստակ ժամկետները Հայաստանի հետ «Նոր հարեւանության» ծրագրի շրջանակներում Գործողությունների ծրագրի ստորագրման առումով եւ որ այդ ժամկետը «բավական մոտ է»:

Եվրամիության տարբեր պաշտոնյաներ նախկինում նշել էին, որ եթե Հարավային Կովկասի երկրներից որեւէ մեկը շարունակի հետ մնալ մյուսից, դա չպետք է խանգարի, որ արդեն պատրաստ երկիրը շարունակի բանակցությունները: Ֆինլանդիան, սակայն, մտադիր է իր նախագահության 6-ամսյա ժամկետում փաստաթուղթը ստորագրել բոլոր երեք երկրների հետ:

«Հայկական կողմը գրեթե խնդիրներ չունի. մի քանի մանր հարցեր են մնացել, որ, կարծում ենք, որ եկող շաբաթվա ընթացքում կհարթվեն», - ասաց Օսկանյանը: - «Գիտեք, որ ադրբեջանական կողմը լուրջ խնդիրներ ուներ Կիպրոսի հետ: Կարծես թե, դրանք էլ հարթվում են: Դրա համար էլ հավանականությունը հիմա ավելի մեծ է, որ մոտ ապագայում այս փաստաթուղթը ստորագրվի Կովկասի երեք հանրապետությունների հետ»:

Փիթեր Սեմնեբին, փոխանցելով Եվրամիության հիասթափությունը այն կապակցությամբ, որ Մեծ ութնյակի գագաթնաժողովին հնարավորություն չեղավ առաջընթաց արձանագրել ղարաբաղյան բանակցություններում, դարձյալ կոչ արեց կողմերին շարունակել բանակցային գործընթացը՝ հնարավորինս արագ շրջանակային համաձայնության գալու համար:

Եվրամիությունը անմիջականորեն չի մասնակցում բանակցային գործընթացին, բայց, Սեմնեբիի վերահաստատմամբ, «ուշադրությամբ հետեւում է դրա ընթացքին», եւ պատրաստ է ինչ-որ փուլում «աջակցել կողմերի միջեւ վստահության վերականգնման գործողությունների իրականացմանը, որոնք կարող են իրականություն դառնալ հենց «Նոր հարեւանության» ծրագրի շրջանակներում»:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Օսկանյանը ասաց, որ նոր փաստաթուղթ չի ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այցից:

«Մեր ակնկալությունը Մեթյու Բրայզային այցից այն է, որ կարողանա ադրբեջանական կողմին համոզել վերադառնալ բանակցությունների սեղան՝ եղած փաստաթղթի հիման վրա բանակցությունները շարունակելու: Եթե Ադրբեջանի կողմից համաձայնութուն լինի վերադառնալ, այդ սկզբունքների հիման վրա, կարծում ենք, որ հնարավորություն կստեղծվի բանակցությունների նոր փուլ սկսելու եւ առաջընթաց արձանագրելու»:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչին այսօր ընդունել է նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Աննա Սաղաբալյան