Վազգեն Մանուկյանը եւ Ռաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական շարժում են նախաձեռնել

Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ռաֆֆի Հովհաննիսյանը որոշել են քաղաքացիական շարժում նախաձեռնել՝ «իշխանությունը ժողովրդին վերադարձնելու նպատակով»: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Վազգեն Մանուկյանը:

Նախօրեին ԱԺՄ առաջնորդը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ ուրբաթ օրը «Թեքեյան» կենտրոնում «հավաքվել էր մոտ 200 մարդ՝ քաղաքացիական նախաձեռնության գաղափարը քննարկելու համար»:

Շարժումը, ըստ Վազգեն Մանուկյանի, լինելու է ապակուսակցական եւ ապաքաղաքական: Նա խոստացել է առաջիկա օրերին ավելի մանրամասն պատմել նախաձեռնության մասին: