Գյումրին եւ Օզասկոն դարձան քույր քաղաքներ

Գյումրին եւ բրազիլական Օզասկոն դարձան քույր քաղաքներ:

Ինչպես այսօր հաղորդել է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, այս շաբաթ Օզասկոյի քաղաքապետ Էմիդիո դե Սոուզան ստորագրել է տեղական խորհրդարանի համապատասխան որոշումը: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքային ավագանու նույնանման որոշումը ստորագրել էր դեռ անցած տարի:

1 միլիոն բնակչություն ունեցող Օզասկո քաղաքը Սան Պաուլո նահանգի հինգերորդ քաղաքն է: Այնտեղ բնակվում է 4֊5 հազար հայ: Օզասկոյի առաջին քաղաքապետը հայազգի Հրանտ Սանազարն է եղել:

Օզասկոյի քաղաքապետը հրավիրել է Վարդան Ղուկասյանին մոտակա ամիսներին այցելել Բրազիլիա: Հայաստանի գլխավոր հյուպատոսության եւ տեղի հայ համայնքի խնդրանքով Օզասկոյի քաղաքապետարանը տարածք կհատկացնի Հայաստանի առեւտրամշակութային կենտրոն հիմնելու համար:

Բրազիլիայում ներկայումս բնակվում է 25֊30 հազար հայ: