Շներն ու երեխաները միասին են լողում

Թեպետ գիտեն, որ ջուրն այնքան էլ մաքուր չէ, այնուամենայնիվ ընտրություն չկա, մայրաքաղաքի բոլոր լավ լողավազանները ժամավճարով են աշխատում: «Մամուռի հոտ է գալիս ջրից, բայց շատ կեղտոտ չէ», - ասում են երեխաները:

Սահադաշտից դարձյալ լողավազանի վերածված Կարապի լճում երեխաներից բացի նաեւ շներն են զովանում: Առանց այն էլ ավազանի ջրի մաքրությունը չի հսկվում, իսկ կենդանիները ջուր զանազան վարակներ կարող են բերել: Երեւանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Անահիտ Հայրապետյանը հաստատեց, որ, իրոք, նման ավազաններում լողալը երեխաների համար կարող է ծանր հետեւանքներ ունենալ, իսկ ամենատարածվածները աղիքային հիվանդություններն են:

Անահիտ Հայրապետյանի փոխանցմամբ, լողալու համար նախատեսված ջուրը բազմապիսի փորձաշրջաններ է անցնում, իսկ քլորի բացակայության դեպքում այն ուղղակի հիվանդություն ձեռք բերելու լավագույն տարբերակն է: Նա ասաց, որ խնդիրն այն չէ, թե ավազանները բացօթյա են: Պարզապես դրանք պետք է վերահսկել. - «Չի կարելի լողալ ջրում, որի մաքրությունը անգամ թեթեւակի կասկած կարող է հարուցել»:

Անահիտ Հայրապետյանը հատկապես ծնողներին հորդորեց խստիվ արգելել երեխաներին նման ավազաններում լողալ, քանի որ «զովանալ ցանկացող երեխային հիվանդանալը դժվար թե մտահոգի»: Սակայն Կարապի լճում լողացող երեխաները վստահեցրին, որ իրենք ծնողների թույլտվությունն ունեն ու լողալու թաքուն չեն գալիս:


Կարլեն Ասլանյան