Ստեղծվեց Հայ թատերական ընկերությունը

Երկուշաբթի օրը Երեւանում տեղի ունեցավ Հայ թատերական ընկերության հիմնադիր համագումարը: Ընկերության ստեղծման մասին հիմնադիրները խոսում էին ամիսներ առաջ՝ դժգոհելով Հայաստանի թատերական գործիչների միության գործունեությունից: Վերջինիս նախագահը, մինչդեռ, այսօր ողջունեց ընկերության ստեղծումը:

Նորաստեղծ ընկերությունը, ինչպես որոշվեց համագումարում, կառավարելու են հինգ համանախագահներ՝ Ռուբեն Բաբայանը (Տիկնային թատրոնի գեղարվեստական ղեկավար), Արմեն Մելիքսեթյանը (Կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար), Արմեն Մազմանյանը («Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար), Արա Երնջակյանը (Պետական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար) եւ Ժիրայր Դադասյանը (Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար):

Ռուբեն Բաբայանի խոսքերով, իրենց նպատակը «նոր թատերական դաշտ ստեղծելն է՝ հիմնականում երիտասարդ ուժերի միջոցով եւ երիտասարդ ուժերի համար»: Իսկ ամենակարեւորը, նրա բնորոշմամբ, մարդկանց ուղեղներում ամրապնդելն է, որ «առաջընթացի միակ գրավականը բազմազանությունը եւ մրցակցությունն է»:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը ոչ միայն դեմ չէ թատերական գործիչների նոր միավորման ստեղծմանը, այլեւ համագումարի ամբիոնից ողջունեց դա: Նոր միության հիմնադիր անդամներից շատերը շարունակում են մնալ նաեւ Հայաստանի թատերական գործիչների միությունում եւ անգամ՝ վարչության կազմում:

«Շատ գոհ եմ», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Ղազանչյանը: - «Եվ ակնկալում եմ համատեղ աշխատանք, որովհետեւ թատրոնի խնդիրները այնքան շատ են, որ մեկ, երկու, երեք կազմակերպությունը չի կարող լուծել»:

Մոտ 10 տարի առաջ, երբ ստեղծվեց Հայ գրողների միությանը, դրա ղեկավարները տարածքային ու գույքային պահանջներ ներկայացրին Հայաստանի գրողների միությանը: Տարիներ տեւած այդ քաշքշուկը, ի վերջո ավարտվեց դատական վճիռների շնորհիվ միայն:

Թատերական գործիչները վստահ են, որ նման բան իրենց չի սպառնում, քանի որ նորաստեղծ Հայ թատերական ընկերությունը հայտարարել է, որ նման պահանջներ չի ներկայացնելու Հայաստանի թատերական գործիչների միությանը:


Գայանե Դանիելյան