Շավարշ Քոչարյան. - « Ընդդիմությունն ինչ-որ չափով կազմալուծված վիճակում է»

Ընդդիմադիր պատգամավոր, Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը ուրբաթ օրը հնչեցրեց իր բացասական գնահատականը խորհրդարանական բոլոր ուժերի հավանությանն արժանացած եւ Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննական եզրակացության ուղարկված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին:

«Այն նախագիծը, որը ներկայացված է 8 ֆրակցիայի կողմից, բացառիկ է այն առումով, որ բոլորը ստորագրել են», - լրագրողներին ասաց Շավարշ Քոչարյանը: - «Բայց, ցավոք սրտի, իր որակով այդ նախագիծը հենց ցույց է տալիս թե’ իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը՝ որպեսզի ընտրությունները լինեն արդար, թե’ ընդդիմության քաղաքական կամքի [բացակայությունը]՝ լիարժեք ունենալու նորմալ վերահսկողական մեխանիզմներ եւ վերահսկել ընտրությունները»:

Նա պնդեց, որ ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը «ընտրական գործընթացները լիարժեք կազմակերպելու կամք չդրսեւորեցին»՝ գոնե լավ փաստաթուղթ ունենալու առումով:

Ընդդիմության պահվածքը այս հարցում Քոչարյանը բացատրեց այսպես. - «Իր անհաջող կեցվածքից հետո նախորդ տարվա սահմանադրական հանրաքվեի փոփոխությունների հետ [կապված], գտնվում էր այնպիսի, ես կասեի՝ կոտրված վիճակում, որ այդ պահին, այո, գնաց: Այսինքն՝ մի ծայրահեղությունից մտավ մյուս ծայրահեղություն... Ընդդիմությունն ինչ-որ չափով կազմալուծված վիճակում է»:


Աստղիկ Բեդեւյան