Հայաստանում առաջին անգամ նշվեց Բռնադատվածների հիշատակի օրը

Չորեքշաբթի օրը Հայաստանի բռնադատվածներն ու նրանց զավակներն հավաքվել էին մայրաքաղաք կենտրոնում՝ Կասկադի հարեւանությամբ անցած տարի տեղադրված Բռնադատվածության զոհերի հուշակոթողի մոտ՝ նշելու Բռնադատվածների հիշատակի օրը: Հուլիսի 14-ը այս ամիս ավելի վաղ Դաշնակցության նախաձեռնության պաշտոնապես հայտարարվել է Բռնադատվածների հիշատակի օր:

«Հուշամատյան» ընկերության տվյալներով, Հայաստանում այսօր մոտ 6000 բռնադատվածներ եւ 8400 բռնադատվածների ժառանգներ կան, ովքեր 1937 եւ 1949 թվականներին աքսորվել էին Հայաստանից:

«Բռնադատվածները համարյա նույնպիսի տառապանքներ են տարել, ինչ ցեղասպանություն վերապրածները: Այս օրը չպետք է մոռացվի, քանի որ ոչ պակաս դառնություն է բերել մարդկանց, ովքեր աքսորվել, տառապել ու տանջվել են երկար տարիներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Գարուն» արտադրական միավորման տնօրեն Գոհար Ենոքյանը, ով 7 տարեկանում 1949 թվականի հունիսի լույս 14-ի գիշերը ողջ ընտանիքով աքսորվել էր Սիբիր:

«Մեծ թվով մարդիկ չդիմացան տառապանքներին, շատերն էլ ոտքի կանգնեցին՝ հայկական տոկունությամբ ու աշխատասիրությամբ, կարողացան պատվով վերադառնալ հետագայում Հայաստան», - շարունակեց նա: - «Չեմ կարող փոխանցել այդ 7 տարիների ծանր հիշատակը, դժվարությունները: Դա սպի է, որը մշտապես մնում է հոգուդ մեջ»:

Բռնադատվածության զոհերի հուշակոթողի մոտ հավաքվածներից Համբարձում Համբարձումյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ 1949 թվականի հունիսի 14-ին գիշերով մտան իրենց տուն եւ ամբողջ ընտանիքին տարան կայարան ու ուղարկեցին անհայտ ուղղությամբ: Այդ ժամանակ նա ընդամենը 15 տարեկան էր. - «Ինչ մեղք ունեի, չգիտեմ: Առանց դատ ու դատաստանի ավտոմատներով եկան գիշերը տարան: Այս օրը՝ հունիսի 14-ի գիշերը երկու ժամվա մեջ 14 հազար հոգի ոտքի կանգնեցրին՝ 3 հազար ընտանիք»:

Մեկ այլ բռնադատված՝ տիկին Սիլվան, ասաց, որ իրենց նույնպես գիշերով են տարել՝ իր հորը մեղադրելով դաշնակցական լինելու մեջ. - «Մենք նույնիսկ չգիտեինք, թե դա ինչ է»:

Ստալինյան ռեպրեսիաներից տուժած այս մարդիկ դժգոհում էին ավելի շատ այսօրվա իրենց կյանքից: «Սա անկախ Հայաստանի չէ՝ թալանված Հայաստան է», - ասաց Համբարձումյանը:

Հավաքվածներից մի կին հուզված ավելացրեց. - «Ես երանի կտայի, որ հիմա Սիբիրում լինեինք... Սա երկրորդ գենոցիդն է: Ուտելու ոչինչ չունենք, հագնելու չունենք»:

Քաղաքական հետապնդումներից տուժած այս մարդիկ զարմանում էին , թե ինչպես ցուրտ ու մութ տարիների, երբ երկիրն ավելի ծանր վիճակում էր, իրենց 3 հազար դրամ թոշակ էին տալիս, իսկ այսօր, երբ տնտեսական աճ կա, իրենց ընդհանրապես թոշակ չեն տալիս: Մինչդեռ ԱՊՀ մյուս երկրներում բոլոր բռնադատվածները 50-100 դոլար թոշակ են ստանում:

Բռնադատվածության զոհերի հուշակոթողի մոտ հավաքվածներին այսօր ողջունելու եկած Ազգային ժողովի փոխխոսնակ,Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանին հավաքվածները հարցրեցին, թե ի՞նչ են ձեռնարկելու իշխանությունները իրենց վիճակը թեթեւացնելու համար: Հովհաննիսյանը ասաց, թե հունիսի 14-ը որպես Բռնադատվածների հիշատակի օր պաշտոնապես հաստատելով, իրենք ազդանշան տվեցին կառավարությանը, որ ավելի լրջորեն զբաղվի բռնադատվածների հարցերով:

«Բայց ախր մեռնում ենք, էլ չենք դիմանում», - բացականչեցին հավաքվածները՝ ստանալով հետեւյալ պատասխանը. - «Որ դուք Ստալինին դիմացել եք, ձեզ ուրեմն ոչինչ չի պատահի»:

Խորհրդարանի փոխխոսնակի այս պատասխանը զայրացրեց բռնադատվածներին. անգամ հնչեցին նստացույց կազմակերպելու կոչեր:


Ռուզաննա Ստեփանյան եւ Շաքե Ավոյան