Մամուլի տեսություն

«Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը Արարատի մարզի Շահումյան գյուղի կենտրոնում տեղի ունեցած ավանդական «ռազբորկան» ավարտվել է կրակոցներով», - տեղեկացնում է «Իրավունք»-ը: - «Կրակոցների հեղինակներն այն մարդիկ են, ովքեր մշտապես աչքի են ընկել իշխանությաններին մատուցած ամենատարբեր ծառայություններով, եւ հենց այդ պատճառով էլ ավազակախումբը իր ոչ մի արարքի համար չի պատժվում»: Միջադեպի մանրամասների հետ կապված թվարկելով Արտաշատի գազի գրասենյակի տնօրեն Հովհաննես Ղազարյանի եւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի ազգականների անունները, թերթը նշում է. - «Ճակատագրի հեգնանքով այնպես է ստացվում, որ 2003-ի փետրվարի 4-ին Հայկ Բաբուխանյանին դանակահարած նույն հանցախմբի անդամներն այժմ իրար են հոշոտում»:

«Բանդիտսկի վանաձոր» վերնագրի ներքո էլ «Առավոտ»-ը տեղեկացնում է. - «Վիլոի մոտ» ինտերնետ ակումբ-սրճարանի մոտ ավելի քան երկու տասնյակ հոգու մասնակցությամբ զինված ընդհարում է տեղի ունեցել երկու խումբ երիտասարդների միջեւ»: Միջադեպի առնչությամբ, շոշափելով ՀՀԿ անդամ, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եւ Վանաձորում հայտնի «Խլղաթանց Էդո»-ի ազգականների անունները, թերթը տեղեկացնում է. - «Հայաստանի ոստիկանության Լոռու ռեգիոնալ վարչության աշխատակիցները նախօրեին նախանձելի օբյեկտիվություն էին ցուցաբերել ու խուզարկության էին ենթարկել ե՛ւ քաղաքապետի, ե՛ւ Էդուարդ Խլղաթյանի կողմնակիցների՝ թվով 20-25 հոգու տները: Ավելին, զինված բախմանը մասնակից ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս կողմից 7-8 հոգի, մեր տվյալներով, գտնվում են հետախուզման մեջ»: Թեեւ երկու կողմերն էլ աշխատում են կատարվածը որքան հնարավոր է գաղտնի պահել ու չհրապարակայնացնել, Վանաձորի «Առավոտ»-ի աղբյուրները, սակայն, առանձնապես մեծ հույսեր չունեն, թե քաղաքապետի հարազատներն ու կողմնակիցները կատարվածի համար պատասխան կտան օրենքի առջեւ՝ ասելով, որ նրանք լավ շրջապատ ունեն՝ ի դեմս ՀՀ վարչապետ ու ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի:

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բուխարեստյան հանդիպմանը Ազգային Ժողովի փոփխոսնակ Վահան Հովհաննիսյանը ասում է. - «Կարծում եմ, Ադրբեջանի ղեկավարն ու նրան շրջապատող թիմը պատանդ են դարձել սեփական հայտարարությունների։ Դրանք հնչեցվում էին նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ որպես շարունակություն ադրբեջանական հասարակության մեջ ձեւավորվեց վերեւից սանձազերծված հակահայկական հիստերիա»։ Թղթակցի հարցին՝ «Ինչո՞վ բացատրել, որ միջնորդները չփորձեցին ճնշում գործադրել ավելի անհաշտ կողմի վրա եւ հասնել արդյունքի», Վահան Հովհաննիսյանը պատասխանում է. - «Ես ընդհանրապես չեմ հավատում, որ որեւէ ճնշում կարող է օգտակար լինել կամ էլ միջնորդների զինանոցում դա կկիրառվի որպես մեթոդ։ Որովհետեւ նրանք շատ լավ հասկանում են՝ ցանկացած այդպիսի ճնշում ավելի է ուժեղացնելու հասարակական կարծիքի մեջ անհանդուրժողականության բաղադրիչը»։

«Իրավունք»-ում շեշտադրված է. - «Ռոբերտ Քոչարյանը կարող է գոհունակությամբ արձանագրել, որ իրեն հաջողվեց Բուխարեստում շրխկոցով փակել կարգավորման հնարավորությունների պատուհանը, եւ հանուն դրա չպահանջվեց Հայաստանում ստեղծել արհեստական խորհրդարանական կամ կառավարական ճգնաժամ, եւ չպահանջվեց նաեւ գնալ այնպիսի քայլի, ինչպիսին է նախագահի հրաժարականը»: - «Իսկ որ պատուհանը իրոք փակվեց, ակնհայտ է, քանզի նախագահների հաջորդ հանդիպումը, լավագույն դեպքում, տեղի կունենա տարվա վերջին: Իսկ ընթացքում, եթե անգամ լինեն արտգործնախարարների հանդիպումներ, դրանք բացարձակապես ոչինչ չեն փոխի եւ կկրեն զուտ արձանագրային բնույթ», - գտնում է «Իրավունք»-ի մեկնաբանը:

«Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը Ռուսաստանի փորձի՝ հայկական հողում ուղղակի կիրառումն է», - տեղայնացնում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Ասենք՝ Պուտինը փակեց HTB-ն, Քոչարյանը փակեց «Ա1+»-ը, Պուտինը ոչնչացրեց խորհրդարանը որպես պետության վրա որեւէ ազդեցություն ունեցող ինստիտուտ, մեր նախագահն արեց նույնը, Պուտինը վերականգնեց Խորհրդային Միության հիմնը, Քոչարյանն էլ է ուզում վերականգնել Խորհրդային Հայաստանի հիմնը»:

«Ազգ»-ի փոխանցմամբ. - «Ելիսեյան պալատի ծառայությունից հաստատել են, որ Ժակ Շիրակն իրոք Հայաստան այցելելու ծրագրեր ունի, թեեւ այցելության պաշտոնական հաստատում դեռ չի եղել: Ամեն դեպքում Երեւան ժամանելու ամսաթիվ է նշվում սեպտեմբերի 29-ը, որը կհամընկնի Հայաստանում Ֆրանսիայի տարվա պաշտոնական բացմանը: Ժակ Շիրակի հետ Հայաստան կժամանի նաեւ Շառլ Ազնավուրը»:

«Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ, երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունը ընդունել է իր առաջին ընդդիմադիր հայտարարությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. - «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդն իր խորը մտահոգությունն է արտահայտում վերջին շրջանում մայրաքաղաքի տարբեր թաղամասերում, մայրուղիներում եւ գետնանցումներում կրպակաշարերի զանգվածային ապամոնտաժման առնչությամբ: Ճարտարապետական պատշաճ տեսք ապահովելու պատճառաբանությունը վկայակոչելով՝ պատկան մարմինները սկսել են փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող ձեռներեցների իսկական ջարդ»:

«Իմ իրավունքը» շաբաթաթերթում ներկայացված է. - «Հանրապետության պետական բյուջեի միայն 0,4 տոկոսն է տրամադրվում դատական համակարգին: Նկատենք, որ այս թվի մեջ է խտացած պետության, հասարակության վերաբերմունքը դատական համակարգի նկատմամբ: Բնականաբար, ինչքան վճարում ես, այնքան էլ պետք է պահանջես ու ստանաս այդ համակարգից»:

«Չորրոդ իշխանություն» թերթի հարցազրույցում Ազգային Ժողովի պատգամավոր, «Նիգ-Ապարան» խորհրդի անդամ Լյովա Խաչատրյանը ասում է. - «Այո, ավանակը սրբություն տեղափոխող կենդանի է: Այո, նաեւ համառ է: Ավելին՝ ոչ միայն համառ է, այլեւ ամենախելոք կենդանիներից մեկն է: Այո պրոգրեսիվ կենդանի է: Այո, ինքը ետ դառնալ չի սիրում: Այո, ինքը միշտ ամենաճիշտ ճամփով է գնում: Այո, ինքը շատ խելացի «մարդ» է: Իզուր չէ, որ Ամերիկայում Հանրապետականների սիմվոլը հենց ավանակն է»:


Հրաչ Մելքումյան