Տիգրան Թորոսյանն ընտրվեց Հայաստանի խորհրդարանի նախագահ

Հինգշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովի նոր նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը, որը մինչ այդ խորհրդարանի փոխխոսնակն էր: Նա առաջադրված միակ թեկնածուն էր:

Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Տիգրան Թորոսյանի օգտին 97 պատգամավորներից քվեարկեց 94-ը: Մեկ խորհրդարանական դեմ քվեարկեց: «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն»-ը մասնակցեցին թեկնածության քննարկմանը, բայց չմասնակցեցին փակ գաղտնի քվեարկությանը: Ընդդիմության շարքերն անցած «Օրինաց երկիր» խմբակցությունը՝ այդ թվում նաեւ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը, մասնակցեց քվեարկությանը:

Մինչ այդ, միայն ելույթի համար ԱԺ դահլիճ մտած Բաղդասարյանը ասել էր. - «Հարգում եմ [Տիգրան Թորոսյանին]: Համարում եմ մեր խորհրդարանի փոքրաթիվ պրոֆեսիոնալներից մեկը»:

Թորոսյանի պառլամենտական պրոֆեսիոնալիզմի եւ մարդկային հատկանիշների մասին դրվատանքով խոսեցին նաեւ ընդդիմադիրները՝ բազմիցս սակայն շեշտելով, թե «անձի փոփոխությամբ բեկում չի մտնի երկրի կյանքում»:

«Դուք հավատո՞ւմ եք, որ Ազգային ժողովի նախագահը երկրի երկրորդ դեմքն է, երբ մշակել են մեխանիզմ, որը մեկ նպատակ ունի՝ երկրում խեղդել ժողովրդավարությունը», - ասաց «Արդարություն» դաշինքը ներկայացնող պատգամավոր Գրիգոր Հարությունյանը:

«Եթե մենք միասին աշխատենք, լինենք այնքան միասնական, որքան այսօր, կկարողանանք լուծել ցանկացած հարց», - արդեն ընտրվելուց հետո հայտարարեց Տիգրան Թորոսյանը՝ ավելացնելով, որ «ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուն այլընտրանք չունի Հայաստանը»:

50-ամյա Թորոսյանը, ով մասնագիտությամբ էլեկտրոնային տեխնիկայի ճարտարագետ է, եղել է «Հանրապետական» թերթի գլխավոր խմբագիր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ: 1999 թվականին նա պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի, իսկ 2003-ին՝ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով: 2003 թվականի հունիսին Տիգրան Թորոսյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխխոսնակ: Նա Հանրապետական կուսակցության փոխնախագահն է:

Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ «Օրինաց երկիր»-ը դուրս էր եկել իշխող կոալիցիայից, իսկ այդ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հրաժարվել էր խոսնակի պաշտոնից:


Ռուզան Խաչատրյան