Վարդան Օսկանյան. - «Եվրամիությունը պետք է Ադրբեջանին հստակորեն ասի` Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում»

Վիլնյուսում ընթացող «Ընդհանուր հարեւանության ընդհանուր տեսություն» համաժողովում Հայաստանը ներկայացնող արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն իր ելույթում անդրադարձավ մեր երկրի ժողովրդավարական հեռանկարներին՝ նշելով, թե
անցումային շրջանում գտնվող երկրները կարելի է բաժանել երեք խմբի:

«Մի խմբում այն երկրներն են, որոնք ընտրել են հեղափոխական ճանապարհը` բարեփոխումների հասնելու համար: Երկրորդ խմբում այն պետություններն են, որոնք ընտրել են քայլ առ քայլ գնալու, էվոլյուցիոն մոտեցումը: Եվ երրորդ խմբում երկրներն են, որոնք գտնվում են այնտեղ, ուր եղել են 15 տարի առաջ, ու չկա ոչ մի շարժում»:

Օսկանյանի խոսքով, Հայաստանը ընտրել է երկրորդ` էվոլյուցիոն ճանապարհը: Այս առումով, ըստ Օսկանյանի, ճիշտ էր վիլնյուսյան համաժողովի հյուրերից Խավիեր Սոլանան, ով հայտարարել էր, թե «մեկ գիշերում ժողովրդավարության հասնել հնարավոր չէ»:

Օսկանյանի պնդմամբ՝ կապը ժողովրդավարության ու տնտեսական զարգացման միջեւ ակնհայտ է. - «Ժողովրդավարությունը զարգացման միջոց է. այնպես, ինչպես տնտեսական զարգացումը ժողովրդավարության շարժիչ ուժն է: Այս երկուսը պետք է ընթանան ձեռք ձեռքի` լրացնելով միմյանց»:

Նշենք, որ վիլնյուսյան համաժողովի ժամանակ չշրջանցվեց նաեւ ղարաբաղյան հիմնահարցը: Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն իր ելույթում կրկնեց Բաքվի պաշտոնական տեսակետը` Հայաստանը անվանելով ագրեսոր երկրի եւ մեղադրելով հայկական կողմին` Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը գրավելու մեջ: Եվրամիության արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուն` Խավիեր Սոլանան էլ հայտարարեց, թե Ղարաբաղի հարցի լուծման առումով «առկա է դրական տեղաշարժ»:

«Չեմ կարծում, թե Խավիեր Սոլանան չափազանց լավատես է, երբ ասում է, որ կան դրական տարրեր կարգավորման գործընթացում: Իհարկե նման տարրեր կան, բայց՝ ի՞նչ պայմաններում: Ադրբեջանը պետք է ճանաչի, որ այս հարցը չունի ռազմական լուծում»:

Օսկանյան նաեւ զգուշացնում էր, որ Ադրբեջանը չփորձի օգտվել նավթային եկամուտներից` ինչ-որ կերպ ազդելու բանակցային գործընթացի վրա: Հայաստանի արտաքին գործերի նախարարը կոչ է անում Եվրամիությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:

«Եվրամիությունը այստեղ դերակատարություն պետք է ունենա` ադրբեջանական կողմին հստակորեն ասելով, որ ռազմական լուծումն անհնարին է, նստեք հայկական կողմի հետ սեղանի շուրջ եւ գտեք ձեր տարաձայնությունների լուծումը: Այս պարագայում իրոք հնարավոր կլինի խոսել դրական տարրերի մասին եւ, հույս ունեմ, որ մենք կկարողանանք լուրջ առաջընթացի հասնել այս տարվա ընթացքում», - հայտարարեց Վարդան Օսկանյանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա