«Գնացեք Ցյուրիխ եւ վերջ»

Աշխարհի քաղաքների թվում կյանքի որակի առումով առաջին տեղում շվեյցարական Ցյուրիխն է, վերջին տեղում՝ Բաղդադը. այդ են վկայում «Մերսեր» հետազոտական կազմակերպության վերջին ուսումնասիրության արդյունքները:

Կազմակերպությունը ամեն տարի 39 չափանիշով դիտարկում է մարդկանց կենսամակարդակը աշխարհի մոտ 400 քաղաքներում. հաշվի է առնվում գրեթե ամեն ինչ՝ անվտանգությունը, սոցիալ-կենցաղային պայմանները, շրջակա միջավայրն ու ժամանցի վայրերը: Որպես հաշվարկման միավոր ընտրվում է Նյու Յորքը. հենց այդ քաղաքի հետ են համեմատում մյուս քաղաքներն ու որոշում, թե որքանով է, ասենք, Վիեննան նույն չափանիշներով գերազանցում կամ հետ է մնում Նյու Յորքից:

«Այս ուսումնասիրությունը նախ եւ առաջ հետաքրքրում է գործարար մարդկանց», - ասում է ուսումնասիրության հեղինակ Սլաջին Պարակատին: - «Եթե որեւէ ընկերություն որեւէ մասնագետի առաջարկում են տեղափոխվել, ասենք, Սիդնեյից Բաքու, պիտի նաեւ տեղյակ լինի՝ որքանո՞վ է տարբերվում այդ երկրների կենցաղը եւ որքա՞ն հավելյալ աշխատավարձ է պետք առաջարկել մասնագետին՝ Սիդնեյից Բաքու տեղափոխվելու համար»:

Նշենք, որ այս տարի դիտարկված 215 քաղաքների թվում Բաքուն զբաղեցնում է 193-րդ հորիզոնականը, մինչդեռ Երեւանն ու Թբիլիսին ցուցակից այս անգամ բացակայում են(թեեւ նախորդ տարի եղել են):

«Դա հիմնականում պայմանավորված է մեր հաճախորդների ներկայացրած հայտերով», - մանրամասնում է ուսումնասիրության հեղինակը` ավելացնելով. - «Դա կախված է այն բանից, թե մեր հաճախորդները ո՞ր քաղաքներում են մտադիր զարգացնել իրենց ենթակառուցվածքները կամ նոր գործ հիմնել ու դրսից մասնագետներ հրավիրել: Այնպես որ, հնարավոր է, որ մենք մի շարք նոր քաղաքներ ընդգրկենք ուսումնասիրության մեջ, իսկ երբ դրանց նկատմամբ այլեւս հետաքրքրություն չլինի` հանենք ցուցակից»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա