«Ա1+»-ի հայտը այսօր էլ անորոշ մնաց

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում այսօր բացվեցին Երեւանի տարածքը ծածկող FM 90,3 եւ Մայիսի FM 90, 7 կապուղիների մրցութային առաջարկների փաթեթները, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել «Մելտեքս» ընկերությունը՝ «Ա1+»-ը:

Հաղթողները, հավանաբար, կորոշվեն մայիսի 25-ին. այդ օրն է հանձնաժողովը շարունակելու այսօրվա քննարկումը: Այս երկու առանձին մրցույթներում «Ա1+»-ը մեկական մրցակից ունի՝ «Ուլիս մեդիա» եւ «Ռադիո Պրո»:

«Ա1+»-ն արդեն ունի, «Ուլիս մեդիա»-ն ու «Ռադիո Պրո»-ն խոստանում են ունենալ պրոֆեսիոնալ աշխատակազմ, ժամանակակից ռադիոսարքավորումներ, այդ թվում՝ բարձր տեխոնոլոգիաների: «Ա1+»-ը խոստանում է առաջին տարում կատարել 50 հազար դոլարի, «Ուլիս մեդիան»՝ 77 հազարի, «Ռադիո Պրոն»՝ 60 հազար դոլարի ներդրումներ: Հայրենական արտադրության 80 տոկոսի մեջ «Ա1+»-ը խոստանում է սեփական հաղորդումների 80 տոկոս ապահովել, «Ռադիո Պրո»-ն՝ 70 տոկոս: «Ուլիս մեդիա»-ն խոստանում է 2006-ից 2013 թվականներին ընդհանուր եթերաժամանակի մեջ 70 տոկոս սեփական արտադրություն ապահովել, հայրենական արտադրության հաղորդումների՝ 80 տոկոս: Բովանդակային առումով, «Ա1+»-ի խոստացած հաղորդումները ինֆորմացիոն-երաժշտական են, «Ռադիո Պրո»-ինը, որը նպատակ ունի հիմնելու «Ռադիո Երեւան», հայրենասիրական-ճանաչողական-լրատվական, «Ուլիս մեդիա»-ինը՝ երաժշտական-ժամանցային: «Ա1+»-ն իր մշտական լսարանը տեսնում է 25-50 տարեկանների մեջ, «Ուլիս մեդիա»-ն՝ 1-80 տարեկանների մեջ, «Ռադիո Պրո»-ն չի նշում:

«Ա1+»-ին կառավարությունը 221 քառակուսի մետր տարածք է հատկացրել Բուզանդի 1-3 հասցեում, «Ռադիո Պրո»-ի ղեկավարի ընկերությունը տեղակայված է Իսահակյան փողոցում, ներդրողներից մեկն Ավան թաղամասում տարածք ունի, խոստացել է տրամադրել: Ըստ դեռեւս չճշտված տեղեկությունների, այս ընկերության հովանավորները Հանրապետական կուսակցությունից են:

«Ուլիս Մեդիան» գրանցված է Ալեք Մանուկյան 5-ում, Հանրային հեռուստառադիոընկերության շենքում: Այս շենքում վարձակալության պայմաններով տեղակայված են «Կայմ» հեռուստաընկերությունը, «Ավտոռադիո»-ն, «Արմենակոբ»-ը: րեթե նույնանուն «Ուլիս» ընկերությունը «Կոնվերս» բանկի նախագահ Սմբատ Նասիբյանինն է ու նրա ընտանիքինը, «Ուլիս» ֆուտբոլային թիմը՝ Հայրապետյան եղբայրներինը:

2002 թվականի ապրիլից հեռուստատեսային հեռարձակման իրավունքից զրկվելուց հետո արդեն տասներկուերորդ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացնում «Ա1+»-ը: Վերջին երեքը՝ ռադիոկապուղու:


Ռուզան Խաչատրյան