«Անիմաստ է կոռուպցիայի դեմ պայքար ակնկալել կոռումպացված պաշտոնյաներից»

Ազգային Ժողովում երեկ հրավիրված կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված համաժողովի ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, թե «Բոլոր ընտրությունները կատարվել են մասսայական ընտրախախտումներով, եւ անիմաստ է քաղաքական կոռուպցիայով ձեւավորված օրենսդիր կամ գործադիր մարմիններից ակնկալել կոռուցիայի դեմ պայքար»:

Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը նկատեց`«Կոռուպցիա կա ամենուր»:

Արթուր Բաղդասարյանի խոսքերով, սակայն ինչ-որ բան արվում է , թեեւ արվածը բավարար չէ, եւ գործնական քայլերի ակտիվացումը չափազանց կարեւոր է: Նրա տվյալներով, դեռեւս անցած տարի Ազգային ժողովի վահսկիչ պալատի հավաքած նյութերը ուղարկվել են դատախազություն, եւ որոշ քայլեր ձեռնարկվել են՝ այդ նյութերի հիման վրա մի շարք գործեր են հարուցվել գլխավոր դատախազությունում, ուստի, ըստ նրա, ասել, թե ոչինչ չի արվել՝ նույնպես ճիշտ չէ:

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը պատասխանեց հարցին, թե ինչու հաշվի չեն առնում լրատվամիջոցներով հրապարակված բացահայտումները պաշտոնյաների շքեղ առանձնատների ու մի քանի տասնյակ հազար դոլար արժեցող մեքենաների վերաբերյալ, որոնք գնելու համար նրանց ստացած աշխատավարձով տասնյակ տարիներ են անհրաժեշտ:

Բագրատ Եսայանի կարծիքով, առանձնատուն կամ շքեղ ավտոմեքենա ունենալը դեռեւս գող եւ կոռուպցիոներ լինելու ապացույց չէ: «Այս պայմաններում, երբ մենք թեւակոխել ենք ձեռներեցության, ազատ տնտեսվարման ժամանակաշրջան որեւէ ձեւով ունեցվածք ունենալը ինքնին քրեորեն պատժելի, քրեորեն դատապարատելի չէ»:

Երկու օր 34 հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների 130 ներկայացուցիչներ կփորձեն ուղիներ մատնանշել, թե ինչպե՞ս Հայաստանը ավելի արդյունավետ տանի պայքարել կոռուպցիայի դեմ:

ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Վլադիմիր Պրյախինի խոսքերով, ակնկալիք կա, որ համաժողովի ավարտին նաեւ մեթոդներ կառաջարկվեն կոռուպցիայի դեմ իրական պայքարի համար:


Աստղիկ Բեդեւյան, Երեւան