Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահը հրաժարական է տվել

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել:

Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, «կառավարությունը որոշել է դադարեցնել ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի լիազորությունները՝ համաձայն իր դիմումի»: Մինչեւ նոր նախագահի ընտրվելը գիտությունների ակադեմիայի նախագահի պաշտոնակատար է նշանակվել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը:

Ակադեմիայի նախագահության երեկվա նիստում Ֆադեյ Սարգսյանը հայտարարել էր, թե չի պատրաստվում հրաժարական տալ:

Ապրիլի 12֊-ին կայանալու է Հայաստանի գիտությունների ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որտեղ հաշվետվությամբ պետք է հանդես գար Ֆադեյ Սարգսյանը: Ենթադրվում է, որ ակադեմիայի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան ժողովի ընթացքում: Ակադեմիայի նախագահին ընտրում են Հայաստանի 80 ակադեմիկոսները եւ 18 թղթակից անդամները:

Ֆադեյ Սարգսյանը Հայաստանի գիտությունների ակադեմիան գլխավորել է 1993 թվականից, մինչ այդ նա 1977-֊89 թվականներին եղել է Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ: Ակադեմիայի նախագահի պաշտոնում նա վերընտրվել էր երկու տարի առաջ եւ պետք է պաշտոնավարեր մինչեւ 2009 թվականը:

Ըստ տարբեր աղբյուրների, ակադեմիայի նոր նախագահի ամենահավանական թեկնածուն Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանն է, որի 65 տարին լրացել է փետրվարին եւ որը, օրենքի համաձայն, պետք է թողնի իր պաշտոնը:

Ատոմ Մարգարյան