Հայ երիտասարդների խնդիրները ամփոփվելու են Երիտասարդական ազգային զեկույցում

Հայաստանն ԱՊՀ-ի երկրներից առաջինն է, որը Երիտասարդության ազգային զեկույց է պատրաստում: Այն համալիր մի ուսումնասիրություն է, որը ներկայացնում է երիտասարդության ներկա վիճակը:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն է մշակում Հայաստանի Երիտասարդության ազգային զեկույցը: Զեկույցի պատրաստման աշխատանքները սկսվել են 2005 թվականի հունիսին: Փաստաթղթի մշակման համար մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի հրամանով ստեղծվել է փորձագետների խումբ: «Սոցիում» կենտրոնն անցկացրել է սոցիոլոգիական հարցում, որի միջոցով էլ պարզվել են երիտասարդության հիմնական խնդիրները: «Մենք չենք պատրաստվում քողարկել մեր երիտասարդությանը հուզող հարցերը: Նաեւ չենք թաքցնում առկա խնդիրները: Մենք փորձում ենք լուծում գտնել», - ասաց մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանը:

Սակայն ասուլիսի կազմակերպիչները համառորեն չէին ուզում հրապարակել հարցման արդյունքները: «Տվյալներին կարելի է ծանոթանալ զեկույցի հրապարակումից հետո», - ասացին նրանք: Հարցումն անց է կացվել 800 հազար երիտասարդների շրջանում: Հարցերը բաժանված էին 8 հիմնական բլոկների: Օրինակ՝ կարեւոր հիմնախնդիր է երիտասարդության զբաղվածությունն ու գործազրկությունը: «Արեգ» գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Մարկոսյանի խոսքով՝ քաղաքական եւ քաղաքացիական ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը շատ քիչ է: Սա, թերեւս, հիմնական խնդիրների առաջին հորիզոնականն է զբաղեցնում:

Փաստաթղթի մշակմանը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, տրամադրելով մոտ 7 միլիոն դրամ: Մշակույթի նախարարության 12 միլիոն դրամով էլ արդեն որոշ աշխատանքներ կատարվել են: Զեկույցի նախնական տարբերակն ապրիլին կներկայացվի Եվրախորհրդի երիտասարդության հարցերով տնօրինություն: Համապատասխան փոփոխություններից հետո վերջնական տարբերակի շնորհանդեսը նախատեսված է այս տարվա նոյեմբերին:


Քրիստինե Աղալարյան