«Մինչեւ չունենանք սրտացավ ղեկավարություն, այս վիճակից դուրս չենք գա»

«Սփյուռքը բավական լավ տեսնում ու հասկանում է, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում, որ ամեն ինչ կեղծվում է, որ չկա ազատ մամուլ, որ ամեն ինչի վրա իշխանությունները խիստ վերահսկողություն են սահմանել ու ճնշումներ են գործադրում: Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարող է ձախողված պետության կարգավիճակ ունենալ», - «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում ասել է ամերիկահայ հայտնի պատմաբան, Կալիֆորնիայի պետական համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի արդի հայոց պատմության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը:

«Դրսից դիտելով ցավում ենք, տեսնելով այս խախտումները, ճնշումները: Օրինակ, մենք կուզենայինք ունենալ խոսքի, մքտի ազատություն, ոչ թե ճնշումներ, ոչ թե գաղտնի ոստիկանության հետապնդումներ, ոչ թե կեղծիքներ, ինչը պետական եթերներում երեւում է»

Նրա խոսքերով, երբ եթերով այդ կեղծիքները հնչում են ու մեկն էլ ուզում է պատասխան տալ դրանց՝ թույլ չի տրվում, իսկ դա ժողովրդավարական համակարգը չէ: «Երբեմն մենք դատապարտում ենք Թուրքիային՝ ասելով, որ այնտեղ զինվորական բռնապետություն է եւ այլն, բայց փաստը այն է, որ այնտեղ թերթերը ավելի ազատ են», - ասում է Ռիչարդ Հովհաննիսյանը:

Ռիչարդ Հովհաննիսյանի փոխանցմամբ, այս ամենի արդյունքում ժողովուրդը լրիվ անտարբեր է դարձել քաղաքական գործընթացների նկատմամբ եւ ոչ մեկին չի հավատում՝ ոչ իշխանություններին, եւ ոչ էլ նրանց հակառակորդներին:

«Սփյուռքը եւս այս ամենը տեսնելով, կամաց-կամաց հավատը կորցնում է Հայաստանի նկատմամբ, եւ անձամբ գիտեմ տասնյակ մարդկանց, ովքեր որոշել են այլեւս փող չտալ Հայաստանին: Հավատը կորցրել են, թեեւ հրապարակավ խուսափում են քննադատելուց, իսկ դա գուցեեւ ցեղասպանության հետեւանքն է. այնքան վնասներ ենք կրել, ու չենք ուզում վտանգել այդ փոքր տարածքը, որը մնացել է եւ կրում է Հայաստան անունը, - ասում է Ռիչարդ Հովհաննիսյանը: Մյուս կողմից, որպես պատմաբան տեսնում եմ, որ սա արդեն հիվանդագին վիճակ է, եւ պետք է լուծվի, այլապես կկորցնենք ժողովրդի հավատը պետության նկատմամբ եւ կկոչվենք ձախողված պետություն: Մենք չեն ուզում լինել ձախողված պետություն, եթե այս պետությունն էլ ձախողվի՝ մենք չունենք ապագա»:

Պատմաբանը ուղղակի ճնշում է համարում նաեւ որդու՝ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցության գրասենյակը փակելու փաստը: «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը լռեր, ոչ մի խոսք չասեր, բարի սփյուռքահայ լիներ այստեղ, այն ժամանակ ոչ միայն չէին փակի գրասենյակը, այլ նաեւ սիրահոժար կարող էին միշտ էլ ընդունել, միշտ էլ ցույց տալ հեռուստատեսությամբ, մեկ-մեկ էլ ելույթներ կունենար: Բայց երբ քաղաքական դաշտ է մտնում՝ մրցակից է դառնում, եւ քանի որ հիմնական հաղորդակցության միջոցները պետության ձեռքում է, կարող են անել, ինչ ուզեն: «Ես ցավում եմ: Այն մարդիկ, ովքեր այսօր նրան ճնշում են, եթե ունենային նրա կյանքը նախքան իր Հայաստան գալը, երբեք չէին էլ մտածի Հայաստան գալու մասին: Ես իր հայրն եմ եւ գիտեմ, որ նա այնպիսի գործ ուներ այնտեղ, որով տարեկան պետք է ստանար մեկ միլիոն դոլար, եւ ոչ թե ապրեր զրպարտություններով»:

Հայաստանի իշխանությունները վերջապես պետք է հասկանան, որ առաջնայինը պետության եւ ժողովրդի շահերն են, այլ ոչ թե անձնական շահն ու փառքը: Մինչեւ չունենանք այդպիսի սրտացավ ղեկավարություն, այս վիճակից դուրս չենք գա, համոզված է նա:

Առաջին հանրապետության մասնագետ լինելով, պատմաբանը համեմատում է, թե առաջին հանրապետության ժամանակ երկիրը կարողացավ զրոյից բարձրանալ եւ լուրջ հաջողություններ արձանագրել: Մինչդեռ այս հանրապետության ժամանակ հակառակը՝ երկիրը սկսեց բավական լավ դիրքերից, բայց հետո կամաց-կամաց հետընթաց ապրեց. «Մինչեւ մեր ղեկավարությունը չընդունի, որ իր ընթացքը ճիշտ չէ, որ պետք է ընդունել ժողովրդի կամքը, թույլ տալ ազատ քաղաքական դաշտ՝ մինչեւ դա չիմանա ու չընդունի, ես չէի ասի, թե փոփոխություն է լինելու: Որոշ այսպիսի երկրներում ժողովրդի ըմբոստություն է տեղի ունենում, բայց ես չեմ տեսնում, որ դրա հնարավորությունը կա Հայաստանում: Եւ դրա համար էլ, ցավոք, արտահոսքը Հայաստանից շարունակվում է: Ես ամեն օր Լոս Անջելեսում հանդիպում եմ մարդկանց, ովքեր ասում են, որ վերջին ամիսներին են տեղափոխվել: Եթե այսպես շարունակվի, երկիրը կդատարկվի լրիվ՝ եւ աշխատուժը, եւ զինվորական ուժը, եւ տնտեսական ուժը: Եթե մեր ղեկավարությունը դա չի հասկանում, իսկ մենք էլ միջոց չգտնենք ուղղելու, ուրեմն գուցեեւ մենք դատապարտված ենք եւ իրավացիորեն պետք է դառնանք ձախողված պետություն», - ասում է Ռիչարդ Հովհաննիսյանը:

«Բայց ես հույս ունեմ, որ մենք այսպիսի տխուր ավարտ չենք ունենա», - իր խոսքը լավատեսորեն ավարտեց հայտնի պատմաբանը:


Ռուզաննա Ստեփանյան