Դավիթ Հարությունյան. «Նախագահի թեկնածու չեմ առաջադրվելու»

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե պատրաստվում եք առաջադրվել 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ նախագահական ընտրությունների կարող է գնալ այն մարդը, ով ունի մեծ քաղաքական հենարան: Շատերի համար այսօր դարձել է գայթակղիչ ենթադրել, որ իրենք ունեն քաղաքական հենարան, ինչն այդպես չէ: Իմ պարագայում, կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում, որ նման քաղաքական հենարան չունեմ: Այո, ես չունեմ այնպիսի քաղաքական հենարան, որը հնարավորություն ընձեռի մոտակա տարիներին հավակնելու նման պաշտոնի»:

Իսկ Ազգային ժողով վերադառնալու հավանականության վերաբերյալ հարցին էլ պատասխանելով նախարարն ասաց, որ չի բացառում այդ հնարավորությունը. «Ինչ վերաբերում է քաղաքականությանը, կարծեմ, այն, ինչ հիմա ես անում եմ՝ դա հենց կոչվում է քաղաքականություն»:

Նոր կուսակցություն ստեղծելու հնարավորությունը բացառելով՝ արդարադատության նախարարն ասաց, որ համագործակցություն որեւէ կուսակցության հետ հնարավոր է. «Այնուամենայնիվ, մինչեւ այս պահը եւ մոտակա ժամանակները ես չեմ ենթադրում որեւէ կուսակցական գործունեություն ծավալել: Իսկ կուսակցություն ստեղծելն էլ դարձել է մոդայիկ երեւույթ, կարծում եմ, դա ճիշտ մոտեցում չէ: Դա անում են մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ է թիմային աշխատանքը»:

Կարինե Քալանթարյան, Երեւան