Ընդդիմության ներկայացուցիչը վստահ է, որ իշխանական վերին օղակները «հաշվեհարդար տեսան» Թումանյանի նկատմամբ

Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի դուրս գալը ստեղծվելիք «Նոր Երկիր» կուսակցության նախաձեռնող խմբից հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչը գնահատում է որպես «հաշվեհարդար» Թումանյանի նկատմամբ:

«Դա ես գնահատում եմ որպես քաղաքական հաշվեհարդար եւ քաղաքական վանդալիզմ», - «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: - «Կատարվածը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կյանքը գտնվում է կաթվածահար վիճակում, եւ որեւէ մեկը ապահովագրված չէ՝ անգամ իշխանության մեջ գտնվող անձը, յուրայինը, նման հաշվեհարդարի քայլերից»:

Մինչդեռ, Ազգային ժողովի «Ժողպատգամավոր» խմբում ներկայացված մեծամասնական կարգով ընտրված պատգամավորները, իրենց հերթին, քայլեր են ձեռնարկում սեփական կուսակցությունը հիմնելու ուղղությամբ:

Արագածոտնի տարածաշրջանից ընտրված պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ կուսակցություն հիմնելու նպատակով երեկվանից խումբը հանդիպումներ է սկսել ընտրողների հետ: Առայժմ Ապարանից են սկսել (Խաչատրյանի ընտրատարածքն է), սակայն մյուս պատգամավորները եւս, Խաչատրյանի հավաստմամբ, հետեւելու են իր օրինակին:

«Ինձ հետաքրքրում է իմ տարածաշրջանի ժողովրդի կարծիքը: Եթե նրանք միասնական համաձայն լինեն, որպեսզի մենք դառնանք քաղաքական ուժ, հավանաբար մենք այդ քայլին կգնանք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց պատգամավորը:


Աստղիկ Բեդեւյան