Թումանյանը «որոշել է չշարունակել» կուսակցություն ստեղծելու սեփական նախաձեռնությանը

Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանը հեռացել է իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրվող «Նոր Երկիր» կուսակցության նախաձեռնող խմբից: Մարտի 18-ին նախատեսված հիմնադիր համագումարը հետաձգվել է:

Կուսակցության հիմնադրումը շարունակելու գործն այժմ ստանձնած նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Փոլադյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը:

«Որոշել է ինքը այլեւս չշարունակել», - ասաց Փոլադյանը: - «Ինքը տեղեկացրել է իր քայլի մասին, մենք շնորհակալություն ենք հայտնել այսպիսի կազմակերպության նախաձեռնման համար»:

Հարցին, թե կփոխվի՞ արդյոք կուսակցության անվանումը, փոփոխության կենթարկվի՞ արդյոք ծրագիրը, Փոլադյանը պատասխանեց. - «Նախաձեռնող խումբը՝ որոշ իմաստով նաեւ նորացված կազմով, շարունակելու է իր կուսակցական շինարարության աշխատանքը: Մտադիր ենք ընդամենը՝ կոչել նորից «Նոր Երկիր»: Ծրագիրն ու կանոնադրությունը կլրամշակվեն: Առաջիկա գործողությունները ցույց կտան, թե երբ կանցկացնենք կուսակցության [հիմնադիր] համագումարը»:

Փոլադյանը խուսափեց հրապարակել նախաձեռնող խմբի մյուս անդամների անունները. - «Այդ հարցին [կպատասխանեմ] երեւի թե մի քանի օր հետո: Նախաձեռնող խմբի անդամների հետ մենք քննարկել ենք այս հանկարծահաս իրավիճակը... Վաղը երեկոյան մենք հանդիպելու ենք. տեսնենք՝ ովքեր են շարունակելու այս աշխատանքը, ովքեր՝ ոչ»:


Ռուզան Խաչատրյան