ԱՀԿ-ն փորձագետներ է գործուղում Ադրբեջան

Ադրբեջանի առողջապահության նախարարության մասնագետները հրաժարվել են հրապարել Սալյանի շրջանի Սարվան գյուղի բնակիչ,17-ամյա Գյունել Գասիմովայի մահվան պատճառները, սակայն ենթադրություններ կան, որ մահվան պատճառը թռչագրիպն է: Ըստ day.az-ի, ծանր վիճակում է գտնվում նույն շրջանի Դայքենդ գյուղի բնակիչ Շահմար Ասքերովը:

Ելնելով ստեղծված կացությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ադրբեջան է գործուղելու երկու փորձագետի, ովքեր մինչեւ մարտի վերջը ուսումնասիրելու են կատարվածի պատճառները: Իսկ Լոնդոնի լաբորատորիան կհետազոտի Ադրբեջանից ուղարկված նմուշները:

Մի քանի օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են Դայքենդ գյուղից երկու քույրերի մահվան մասին, գյուղի եւս 6 բնակիչներ այժմ գտվում են Բաքվի հիվանդանոցներում:

Երկրի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը երեքշաբթի հայտարարել էր, որ մարտի 3-ին թոքաբորբի սուր ախտանշաններով հիվանդանոցում մահացած Սալյանի շրջանի Դայքենդ գյուղի բնակիչ, 10-ամյա Նաբաթ Ասքերովայի մոտ թռչնագրիպի ախտանշաններ չեն հայտնաբերվել:

Հայտարարության մեջ ասվում էր, որ չնայած դրան, մահացած աղջկա մարմնից վերցված նմուշները լրացուցիչ փորձաքննության համար ուղարկվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագիտացված լաբորատորիաներից մեկը: Նույն ախտանշաններով հիվանդանոցում են գտնվում այդ գյուղի եւս 8 բնակիչներ, որոնցից 4-ը՝ մահացած աղջկա ընտանիքի անդամներ են: