Վրաստանցիների 75 տոկոսը ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակից է

Վրաստանի եվրաինտեգրման եւ եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն հայտարարել է, թե վերջին սոցիոլոգական հարցումները վկայում են, որ Վրաստանի բնակիչների 75 տոկոսը եւ քաղաքական ուժերի մեծ մասը կողմնակից են երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

«Դա ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին հաջողութունների հասնելու համար կարեւոր նախապայման է: ՆԱՏՕ-ին անդամակցելը շատ կարեւոր նշանակություն ունի երկրի կայունության, տնտեսության զարգացման, աշխատատեղերի ստեղծման, եւ ընդհանրապես, կենսամակարդակի բարձրացման համար», - ըստ «Կովկասպրես» գործակալության, ասել է պետնախարարը:

Այսօր Թբիլիսի է ժամանել ՆԱՏՕ-ի Միջազգային ծառայության փորձագետների խումբը, որը պետք է գնահատի Վրաստանի կողմից ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) իրագործումը: Վրաստանի իշխանությունները հուսով են, որ այս տարի կավարտվեն ծրագրով նախատեսված բարեփոխումերը, ինչը ճանապարհ կհարթի ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածուի համար նախատեսված ծրագրի (MAP) իրագործմանը: