Ամերիկյան ընկերության ադրբեջանցի աշխատողները գործադուլ են սկսել Խոջալուի պաստառները հանելու պատճառով

Այսօր «ՄքԴերմոթ» ամերիկյան նավթային ընկերության ադրբեջանցի աշխատողները Բաքվում գործադուլ են սկսել այն բանից հետո, երբ ընկերության ղեկավարությունը հանել է Խոջալուի դեպքերին նվիրված պաստառները:

Արհմիության ղեկավար Թոֆիկ Քորջիեւը հայտնել է, որ աշխատողները պահանջել են երկրից վտարել ընկերության աշխատակազմի երկու անդամներին, որոնք հանել են պաստառները: Աշխատակիցները նրանց մեղադրում են «ադրբեջանցիների զգացմունքները վիրավորելու» մեջ:

Ըստ ընկերության խոսնակի, միջադեպը քննվում է:

Լրատվամիջոցները չեն հաղորդում, թե ընկերության 3000 ադրբեջանցի աշխատողներից քանիսն են մասնակցում գործադուլին:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես»-ը, անցած տարվա աշնանը նույն ընկերության աշխատողները գործադուլ են արել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը:

Ավելի ուշ «Թրենդ» ադրբեջանական գործակալությունը հաղորդել է, որ «ՄքԴերմոթ»-ի նախագահ Բեն Հաուսերը ներողություն է խնդրել կատարվածի համար: