Բենիտա Ֆերերո-Վալդների խոսնակը լավատես է

Եվրամիության պաշտոնյաների համաձայն, Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների այցը Հարավային Կովկաս եւ կայացած բանակցությունները առարկայական արդյունքի չհանգեցին:

Մինչդեռ, կան նաեւ լավատեսական գնահատականներ:

«Գործողությունների ծրագրերը գործադրվում են շատ արագ եւ արդյունավետ, արդեն մարտ ամսին նախատեսվում է Եվրամիության հետ կովկասյան եռյակի բանակցությունների հաջորդ փուլը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բենիտա Ֆերերո-Վալդների խոսնակ Էմմա Ուդվինը:

Հակամարտությունների կարգավորման խնդրում ամեն երկիր իր ուղին է ընտրել. ղարաբաղյան բանակցությունների հերթական փուլը չտվեց ակնկալվող արդյունքը, սակայն այս դեպքում, ըստ Էմմա Ուդվինի, իրավիճակը անհույս չէ:

«Դրական է արդեն այն փաստը, որ կողմերի գնահատմամբ, Ռամբույեի հանդիպումը եւս մեկ քայլ էր բանակցային գործընթացում, այլ ոչ թե դրա ավարտը», - նշեց Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարի խոսնակը:


Արմեն Դիլանյան, Պրահա