Ժակ Շիրակը լավատես է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը այսօր հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավորություն կստեղծի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

«Հնարավորություն կա հիմքեր ստեղծելու կարգավորման համար», - իր խոսնակի միջոցով ասել է Շիրակը Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հետ Փարիզում հանդիպելուց հետո: Ֆրանսիայի նախագահի խոսնակ Ժերոմ Բոնաֆոն հայտնել է, որ Շիրակը «ուրախ էր հյուրընկալել Փարիզում երկու նախագահներին՝ բանակցությունների համար, որոնք, նա հուսով է, խաղաղության նոր հեռանկարներ կբացեն»:

«Շիրակը հավաստիացրել է երկու նախագահներին, որ միջազգային հանրությունը սատարում է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին եւ համաձայնության կայացմանը», - ավելացրել է Բոնաֆոն:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Ժակ Շիրակը մասնակցելու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններին, խոսնակը պատասխանեց, թե տեղյակ չէ:

Այսօր Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը 45-֊րոպեանոց առանձնազրույցներ են ունեցել Ժակ Շիրակի հետ՝ փակ դռների հետեւում: Հանդիպումներից հետո նախագահները ուղեւորվեցին մայրաքաղաքից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռամբույե քաղաքը, որտեղ բանակցեցին ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ: Այնուհետեւ սկսվեցին Քոչարյան - Ալիեւ բանակցությունները, որոնցից կախված է բանակցային գործընթացի շարունակությունը:

Ենթադրվում է, որ բանակցությունները կշարունակվեն շաբաթ օրը:


Հրայր Թամրազյան, Փարիզ