Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Փարիզում եւ Ռամբույեում

Այսօր Փարիզում Երեւանի ժամանակով ժամը 2-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Ելիսեյան պալատի նստավայրում կընդունի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նախագահների առանձնազրույցը պետք է ավարտվի մեկ ժամվա ընթացքում, քանի որ ժամը 3-ին ժակ Շիրակը պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Այս երկու հանդիպումներից հետո հնարավոր է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համատեղ հանդիպում ունենան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահների հետ: Նախնական բանակցային այս փուլից հետո Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը՝ համանախագահների հետ, մեկնելու են Ռամբույե՝ Ֆրանսիայի նախագահի ամառային նստավայր, որտեղ տեղի է ունեցել Կոսովոյի խաղաղության միջազգային կոնֆերանսը եւ ստորագրվել է խաղաղության պայմանագիր:

Ակնկալվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հետ երկար կտեւեն, քանի որ քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Կողմերը չեն բացառում, որ համաձայնություն ձեռք բերվի երկու նախագահների միջեւ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է դիվանագիտական աղբյուրներից մեկը, «եթե նման բան տեղի ունենա եւ նախնական համաձայնագիր ստորագրվի, ապա դա կարող է հիմք հանդիսանալ բանակցությունների նոր փուլի համար, որի արդյունքնում կարող է սկսվել խաղաղ կարգավորումը»: Այն ենթադրում է գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրսբերում, այնուհետեւ ադրբեջանցի եւ հայ փախստականների վերադարձ դեպի իրենց տները, որից հետո, հավանաբար, 10-15 տարի անց տեղի կունենա հանրաքվե, որտեղ Ղարաբաղի բնակչությունը իր կամքը կարտահայտի՝ արդյո՞ք ցանկանում է դառնալ անկախ, մնալ Ադրբեջանի կազմում կամ որեւէ մի այլ տաբերակ:


Հրայր Թամրազյան, Փարիզ