«Վրաստանի դուրս գալը Պաշտպանության նախարարների խորհրդից չի ազդի ԱՊՀ երկրների անվտանգության վրա»

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդից դուրս գալու մասին Վրաստանի որոշումը չի ազդի ԱՊՀ երկրների անվտանգության վրա:

«Վերջին տարիներին Վրաստանը, փաստորեն, ոչ մի մասնակցություն չի ունեցել ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի գործունեությանը եւ ԱՊՀ շրջանակներում անցկացվող ռազմական միջոցառումներին ընդհանրապես», - ըստ «Ռեգնում»-ի, ասել է Իվանովը:

Անցած ուրբաթ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ստորագրել էր համապատասխան հրամանագիր: Նախագահի աշխատակազմի ղեկավար Գեորգի Արվելաձեն այդ կապակցությամբ նշել էր, թե «դա չի նշանակում, որ Վրաստանը դուրս է գալիս ԱՊՀ-ից»:

«ԱՊՀ-ն ենթադրում է քաղաքական համագործակցություն եւ քաղաքական կապերի խորացում: Համագործակցությունում Վրաստանի համար օգտակար շատ բաներ կան, հիմնականում՝ տնտեսական բնագավառում: Սակայն մենք չենք դիտում ԱՊՀ-ն ռազմական միավորվան տեսանկյունից: Այդ իմաստով մենք նպատակաուղղված ենք դեպի ՆԱՏՕ», - հայտարարել էր Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը: