Transparency International. «Առողջապահության համակարգում կաշառառությունը պայմանավորված է բարեփոխումների պակասով»

Transparency International միջազգային կազմակերպությունը երեկ հրապարակել է առողջապահության ոլորտում համաշխարհային կոռուցպիայի մասին զեկույցը: Հայաստանի մասին զեկույցում մանրամասն վերլուծություն ու տվյալներ չկան: Ընդհանրապես, Հայաստանի անունը հիշատակվում է երեք անգամ՝ առողջապահական ոլորտում ոչ պաշտոնական վճարների ու իմունաքաղցի դեմ պայքարի բաժիններում:

2001 թվականին անցկացված հարցումների համաձայն, Հայաստանում, ինչպես նաեւ Վրաստանում, մարդկանց 70 տոկոսն ասել էր, որ հիվանդանալու դեպքում բուժօգնության չի դիմում, քանի որ չեն կարող վճարել: Ըստ որում, համաձայն զեկույցի, Վրաստանում բժիշկներին հիվանդները վճարել են կարողացածի չափով, մինչդեռ Հայաստանում բժշկին փող չտվող մարդկանց պարզապես բուժօգնություն չի տրամադրվել:

Transparency International-ի Եվրոպայի ու Միջին Ասիայի տարածքային տնօրեն Միկլոս Մարշալը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, որ Կովկասն ընդհանրապես համարվում է «ամենակոռումպացված շրջաններից մեկը»: Թեեւ Վրաստանի ու Ադրբեջանի համեմատությամբ Հայաստանում կաշառառության ինդեքսը ցածր է, Հայաստանն էլ առանձնապես հպարտանալու տեղ չունի, քանի որ նախորդ տարի կաշառառության ինդեքսը 2,9 է գնահատվել: Այդ ինդեքսը տարածվում է անշուշտ նաեւ առողջապահության համակարգի վրա:

Առողջապահության բնագավառում կովկասյան պետությունների համար ընդհանուրն այն է, ինչ ընդհանուր է ողջ հետխորհրդային տարածքում: Հիվանդները կաշառք են տալիս բժիշկներին, ինչը կաշառառության շատ պարզ ձեւ է ու տարածված չէ Արեւմուտքում:

«Սա բարեփոխումների պակասի հետ է կապված: Խորհրդային կարգերի փլուզումից հետո մեծ գումարներ չեն ներդրվել առողջապահության համակարգում, եւ բնակչությունը պետք է վճարի բժշկական այնպիսի ծառայությունների համար, որոնք պաշտոնապես անվճար են: Այս վճարները անբարո են, քանի որ բժշկի ու հիվանդի միջեւ ֆինանսական կապ են ստեղծում ու հիվանդներին դնում խոցելի վիճակում: Եվ որ ամենավատն է՝ բժշկության համար վճարվող գումարները գնում են անհատ բժիշկների գրպանը՝ առողջապահական համակարգի զարգացմանը աջակցելու փոխարեն: Այնպես որ, մի կողմից առկա է աղքատ ու շատ քիչ ֆինանսավորվող առողջապահական համակարգ, մյուս կողմից առկա են գումարները, որ վճարում են հիվանդները, սակայն այդ գումարները չեն լրացնում առողջապահության համակարգի ֆինանսները: Իհարկե, չպետք է մեղադրել բժիշկներին այս իրավիճակի համար. նրանք եւս գործող համակարգի զոհերն են, նրանք լավ չեն վճարվում: Ու քանի դեռ չեն վճարվում իրենց մասնագիտական ունակությունների ու փորձառության համեմատ, նրանք հույսները դնում են հիվանդներից ստացվող գումարների վրա: Այս իսկ պատճառով է, որ կոչ ենք անում բարեփոխումներ իրականացնել հետխորհրդային պետություններում», - նշեց Մարշալը:


Աննա Կարապետյան, Պրահա