«Հայերն ու ադրբեջանցիները պետք է իրենք պայմանավորվեն»

Եվրոպական ֆուտբոլային ընկերակցության՝ ՈՒԵՖԱ֊-ի խոսնակ Ուիլյամ Գալասը կարծիք է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաները իրենք պետք է պայմանավորվեն, թե որտեղ անցկացնել 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերը:

Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականները վիճակահանության արդյունքում հայտնվել են նույն «Ա» խմբում:

«Որտեղ են խաղալու երկու երկրների հավաքականները՝ իրենց գործն է: Նրանց հանդիպումները կարող են անցկացվել նաեւ չեզոք խաղադաշտում: Դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է այդ երկրների ֆեդերացիաների պայմանավորվածությունը: Եթե ֆեդերացիաները չկարողանան պայմանավորվել, հանդիպումների անցկացման վայրի մասին որոշումը կկայացնի ՈՒԵՖԱ֊-ն: Չի բացառվում, որ վճռվի խաղերն անցկացնել Երեւանում եւ Բաքվում», - ասել է ՈՒԵՖԱ֊-ի խոսնակը ԱՊԱ գործակալությանը:

Նախօրեին Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկել էր Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների խաղերն անցկացնել Թբիլիսիում:

«Ա» խմբում հանդիպումների անցկացման ժամանակացույցը հաստատվելու է փետրվարի 10֊-ին Բելգիայում: