Սթիվեն Մանն. «Հասել ենք մի փուլի, երբ շրջադարձ պետք է կատարենք բանակցություններից դեպի որոշումներ»

«Ազատություն» ռադիոկայանի հայկական եւ ադրբեջանական ծառայությունների համատեղ հարցազրույցում Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը ասաց, թե համանախագահները այս շաբաթ գնում են Բաքու եւ Երեւան՝ նոր հանդիպումներ ունենալու արտաքին գործերի նախարարների եւ նախագահների հետ՝ Ֆրանսիայի Ռամբույե քաղաքում կայանալիք հանդիպմանը նախապատրաստվելու համար:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, թե կարելի՞ է արդյոք ակնկալել դիվանագիտական ճեղքում Ռամբույեի հանդիպումից, Սթիվեն Մաննը ասաց, թե արդեն երկու տարի է բանագնացները եւ Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են Պրահայի գործընթացի շրջանակներում. - «Մենք ունեցել ենք լուրջ քննարկումներ ու բանակցություններ երկու կողմերի միջեւ»:

«Մենք պետք է ընդունենք, որ հասել ենք այնպիսի մի փուլի, երբ շրջադարձ պետք է կատարենք բանակցություններից դեպի որոշումներ», - շարունակեց Մաննը: - «Խոսելով ամերիկյան հայեցակետից՝ կարծում եմ, որ առաջիկա ամիսներին այդպիսի հնարավորություն գոյություն ունի: Այնպես որ, կարծում եմ, որ առաջիկա հանդիպումները հաջորդ երկու շաբաթների ընթացքում շատ կարեւոր հնարավորություն են, եւ կրկին խոսելով ամերիկյան տեսակետից, կասեմ, որ մենք չէին ուզենա, որ կողմերը կրկին անկարող գտնվեն օգտվելու այս կարեւոր հնարավորությունից»:

Ադրբեջանական ծառայության լրագրող Քենան Ալիեւի հարցին, թե կոնկրետ ի՞նչ է քննարկվելու Ռամբույեում, ամերիկացի համանախագահը պատասխանեց, թե չի կարող մանրամասներ հրապարակել, քանի որ չի ցանկանում խախտել գաղտնիության սկզբունքը. - «Քննարկվելու է հարցերի մի ամբողջ շրջանակ՝ կապված Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի հետ»:

Հարցին, թե ի՞նչ է մտածում այն կապակցությամբ, որ այժմ գրեթե բոլորը՝ Ղարաբաղի բանակցությունների հետ անուղղակի կամ ուղղակի առնչություն չունեցող հաստատությունները, մարդիկ խոսում են երկու գլխավոր բանի մասին, որ այս պահին ենթադրաբար քննարկման առարկա են դարձել՝ հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում եւ գրավյալ տարածքների վերադարձը, Սթիվեն Մաննը արձագանգեց. - «Մեկ խոսքով ասեմ՝ ոչինչ, քանի որ չեմ ուզում խորանալ բանակցությունների բուն բովանդակության մեջ: Բայց ես կարող եմ ասել, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ է ընթանում: Այն ճիշտ ուղղությամբ է ընթանում բավական ժամանակ: Կան չափազանց շոշափելի օգուտներ, որ կարող ենք ակնկալել երկու կողմերի համար: Ցանկացած համաձայնագիր պետք է շահեկան արդյունք ունենա: Ամեն կողմը ինչ-որ մի բան պետք է ստանա: Եվ ես կարծում եմ, որ քննարկումներն ընթանում են այդ ուղղությամբ: Հարցերը շատ դժվար հարցեր են. եթե խնդրո առարկան պակաս դժվար լիներ, ապա բանակցությունները տարիներ առաջ կավարտվեին»:

«Միաժամանակ ես կարծում եմ, որ նվիրվածության, որոշ ճկունության եւ քաղաքական կամքի առկայությամբ, 2006-ը կարող է դառնալ Ղարաբաղյան համաձայնագրի տարի», - ավելացրեց նա:

Իսկ եթե կողմերը համաձայնության գան, ըստ ամերիկացի համանախագահի, միջազգային համայնքը կօժանդակի, ֆինանսական օգնություն կհատկացնի վերակառուցելու հակամարտության տարածաշրջանը, գրավյալ տարածքները:

«Անշուշտ, առանց մանրամասների մեջ տրվելու, կարող եմ ասել, որ շոշափելի միջազգային աջակցությունն եւ վերակառուցումը այս հակամարտության բոլոր կողմերի համար պետք է ապագա գործարքի մի մաս կազմի», - ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը:


Հրայր Թամրազյան, Պրահա