Մաքսիմ Միրզոյան. «Ղարաբաղի գազամատակարարումը հոյակապ վիճակում է»

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Արցախգազ»-ի գործադիր տնօրեն Մաքսիմ Միրզոյանը, այս օրերին գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղում «հոյակապ» վիճակում է:

«Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը չի ընդհատվել: Մենք պահեստ չունենք, եթե գազ ունենք, նշանակում է՝ ստանում ենք: Ղարաբաղի բնակչության 70 տոկոսը օգտվում է գազից», - հայտարարեց Մաքսիմ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագնի հնարավոր բարձրացմանը եւ դրա հետ կապված Լեռնային Ղարաբաղի դիրքրոշմանը, ապա, ըստ «Արցախգազ»-ի գործադիր տնօրենի, «մենք ընդհանրապես բոլոր դժվարություններին, եթե դրանք օբյեկտիվ են, դիմացող ենք: Եկեք չշտապենք՝ դեռ ամիսուկես ժամանակ ունենք»:

«Դա քաղաքական հարց է, բայց բոլոր դեպքերում, մենք պետք է դնենք մեր արժեքները այնտեղ, որտեղ ավելի շատ շահ կստանանք: Սակայն մենք դեռ չգիտենք՝ ինչ ենք ուզում», - հայտարարեց Մաքսիմ Միրզոյանը:

Նա հրաժարվեց հայտնել, թե որքա՞ն է բնակչությունը վճարում 1 խորանարդ մետրի դիմաց՝ նշելով, որ վճարները կատարվում են ժամանակին, հակառակ դեպքում հնարավոր չէր լինի զարգացնել համակարգը: Ըստ Միրզոյանի, կան ձեռնարկություններ, որոնք Ղարաբաղի չափանիշներով բավականին շատ գազ են օգտագործում՝ ամսական 10-15 միլիոն դրամի, եւ այս օրերին դրանց գազամատակարարումը չի ընդհատվել:


Ռուզան Խաչատրյան