Մամուլի տեսություն

«Հայկական ժամանակ»-ը ամբողջությամբ տպագրել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենին հղած Հայաստանի արտգործնախարարի նամակը, ուր Վարդան Օսկանյանը, մասնավորապես, ասում է. - «Մենք անկեղծորեն ափսոսում ենք, որ այնպիսի հնարավորությունը, ինչպիսին հանրաքվեն էր, որի արդյունքը սահմանադրական փոփոխությունները պետք է լինեին եւ որից էլ շահելու էր մեր ժողովուրդը, փոխարենը ստվեր գցեց ընտրական գործընթացի վրա: Մենք խորին ափսոսանք ենք ապրում, որ հանրաքվեն, որն ընձեռեց այդ հնարավորությունը, ինքնին դարձավ կասկածի եւ խախտումների առարկա, ինչը բնավ մեր ցանկությունը չէր»:

«Մեր իշխանավորները ընտրությունները եւ հանրաքվեները կեղծելու «լոմկա» ունեն», - թմրամոլների «լոմկայից» սահուն անցում է կատարում «Առավոտ»-ի խմբագիրը: - «Եվ նրանք էլ, ստացվում է, խնդրում-աղաչում են ընդդիմությանը՝ «եկե՛ք, մեր ձեռքը բռնե՛ք, մի՛ թողեք, որ քվեաթերթիկներ լցնենք եւ սուտ թվեր գրենք»: Բայց «անջիգյար» ընդդիմությունը չանսաց այդ թախանձագին խնդրանքներին, հանեց ընտրատեղամասերից իր ներկայացուցիչներին եւ դրանով իսկ տարավ մեր իշխանավորներին ի փորձություն, այսինքն՝ դեպի հերթական կեղծիք: Համենայնդեպս, այդպես պետք է հասկանալ իշխանության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը ԵԽԽՎ-ում: Սահմանադրական հանրաքվեն կեղծելու համար նա մեղադրեց ընդդիմությանը, որը թույլ տվեց իրենց, այսինքն՝ իշխանությանը, կատարել այդ հանցագործությունը»:

«Առավոտ»-ին տված պարզաբանումներում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պնդում է. - «Հանրաքվեի ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ ահազանգերից միայն 3-ի դեպքում է, որ հնարավոր է եղել ի հայտ բերել քրեական հանցագործության հատկանիշներ պարունակող հիմքեր»: Թերթում մեջբերված է ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության զեկույցում նշված մի փաստ, որը տեղի է ունեցել պատվիրակության ղեկավարի աչքի առջեւ. պատվիրակության ղեկավարը քվեատուփում տեսել էր լցոնված քվեաթերթիկների մեծ տրցակ: Եվ տեսել էր, որ ընտրողների գրանցամատյանի էջերում կա ընդամենը մի քանի ստորագրություն. - «Մինչ մենք կոչ էինք անում ԿԸՀ-ին արձանագրել խախտումը՝ գրանցամատյանը փոխվեց մեկ ուրիշով, որը լիքն էր ստորագրություններով»: Արձագանքելով թերթում բերված այս մեջբերմանը՝ Աղվան Հովսեփյանը ասում է. - «Ես համաձայն կլինեմ, որ այդ դիտորդները գան դատախազություն եւ ցուցմունք տան այդ դեպքերի վերաբերյալ»:

«Հայոց աշխարհ»-ի գնահատմամբ՝ անցած տարի հասարակությանը հետաքրքրող քաղաքական կյանքի հիմնական մոտիվները ձանձրացրել են. - «Այն ամենը, ինչ կարելի էր ասել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ասվել է հազարավոր անգամներ»:

«Իրավունք»-ի հարցազրույցում «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը ներքաղաքական զարգացումների մասին կանխատեսում է. - «Չեմ բացառում նաեւ ընդդիմադիր եւ իշխանամետ որոշ ուժերի համագործակցությունը»:

«Այբ-Ֆե»-ում արված համեմատությամբ, վերջին օրերի իրավիճակը հիշեցնում է 1992-93-ի ձմեռը, երբ ամեն ինչ սկսվեց ճիշտ այսպես. - «Սկզբում Վրաստանի տարածքում պայթեցրին Հայաստան մտնող գազատարը, եւ, մինչ այն վերանորոգվում էր, մենք անցանք խնայողության ռեժիմի ու մեզ հուսադրում էինք պահեստային գազի առկայությամբ: Պատերազմ էր, եւ կատարվածի բացատրությունն էլ հենց այդ էր: Այսօր, երբ հրադադարից օգտվող եւ անհամեմատ առավել բնականոն կյանքով ապրող Հայաստանն է հայտնվել նման իրավիճակում, կատարվածը անհավատալի է թվում»:

«Հայաստանն այսօր տարերային աղետի ենթարկված եւ դրա արդյունքում անտեր մնացած երկիր է հիշեցնում», - բնորոշում է «Չորրորդ իշխանությունը»-ը:

«Գազատարի վերականգնման աշխատանքների ձգձգումը եւ հակասական հայտարարությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Ռուսաստանն այնքան էլ շահագրգռված չէ արագ վերականգնումով», - ընդգծված է «Հայոց աշխարհ»-ում: - «Ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս փաստում է, որ Հայաստանը պարզապես պարտադրված է ունենալ այլընտրանքային գազատար»:

Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը «Այբ-Ֆե»-ի հարցազրույցում, իրատեսական չհամարելով 2006 թվականի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությանը, ասում է. - «Համոզված եմ, որ 2006-ին չի լուծվի խնդիրը: Դա հնարավոր չէ: Միջազգային կառույցները, միջնորդները, Ճգնաժամային խումբը փորձում են լավատեսական լիցք հաղորդել այս պրոցեսին, բայց իրենք ելնում են իրենց տեսակետից: Իսկ ես գիտեմ, թե ինչ իրավիճակ է Հայաստանում, Ղարաբաղում եւ, մասամբ, Ադրբեջանում: Այդ ներքին իրավիճակը, իշխանություն - հասարակություն հարաբերությունները, ներքին լարումները, հարցի բարդությունը, իմ կարծիքով, թույլ չեն տալիս այսօր հարցը լուծել»:


Հրաչ Մելքումյան