Մամուլի տեսություն

«Մինչ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով գտնվում է Ավստրիայում, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նախարարների հաշվետվություններն ընդունելիս, աշխատում է ամեն կերպ շեշտել «Օրինաց երկիր»-ի նախարարների վատ աշխատանքը», - դիտարկում է «Հայկական ժամանակ»-ը: - «Այդ կուսակցության [«Օրինաց երկիր»-ի] որոշ պատգամավորներ զանգահարել են Արթուր Բաղդասարյանին եւ բողոքել, որ ՀՀԿ-ն խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը եւ իր բացակայությամբ «Օրինաց երկիր»-ին խփում են»: Ազգային ժողովի նախագահն էլ «հեռուներից» պատասխանել է, որ կգա ու «Օրինաց երկիր»-ը կանցնի կազմակերպված հակահարձակման»:

«Իրավունք»-ում «Օրինաց երկիր»-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ընդգծում է. - «Մենք անհամաձայնություն ենք հայտնում նման գնահատմանը, եւ դրան լուրջ չպետք է մոտենալ... Մեզ համար անհասկանալի է, թե ընդհանրապես ինչ չափանիշներով են տրված գնահատականները: Ավելին՝ կոալիցիոն կառավարության պայմաններում նման մեթոդը ոչ միայն անհասկանալի է, այլեւ անընդունելի: Մանավանդ, որ որոշ գնահատականներից սուբյեկտիվության ձեռագիր է երեւում»: Մհեր Շահգելդյանը շեշտադրում է. - «Դա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ հասունացել է «Կառավարության մասին» օրենք ընդունելու հարցը»:

Որոնելով «Ինչո՞ւ են օլիգարխները կուսակցություններ ստեղծում» հարցի պատասխանը՝ «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ինչո՞ւ Բիլ Գեյթսը կամ, ասենք, Քըրք Քըրքորյանը կուսակցություններ չեն ստեղծում եւ չեն ձգտում դառնալ Կոնգրեսի անդամ: Որովհետեւ Գեյթսն իր «տեղեկատվական կայսրությունը» ստեղծել է իր սեփական խելքով, ոչ թե ԱՄՆ-ի այս կամ այն նախագահի հետ «պեռվի կռուգ ախպերություն անելով»: Քըրք Քըրքորյանն էլ հարստացել է ոչ թե այն պատճառով, որ Դոնալդ Ռամսֆելդը իր բիզնեսին «պռախոդ է տվել»... Գեյթսը եւ Քըրքորյանը վստահ են, որ ցանկացած նախագահի եւ պաշտպանության նախարարի ժամանակ իրենք կպահպանեն եւ, լավ աշխատանքի դեպքում, կբազմապատկեն իրենց հարստությունը: Մեր օլիգարխները նման վստահություն չունեն», - ընդգծում է Արամ Աբրահամյանը, - «ուստի նրանց պետք են քաղաքական «կաստիլներ»՝ ավելի պաշտպանված զգալու համար»:

«Չորրորդ իշխանության» կանխատեսմամբ՝ եթե ներքաղաքական զարգացումները «շարունակվեն նույն տրամաբանությամբ, 2007-ի խորհրդարանական ընտրությունները առանձնապես չեն տարբերվելու «տեցի կրուգի» ռազբորկաններից»:

«Եվրոպայի խորհուրդը, իհարկե, սպասում է, որ հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ պնդումները կարժանանան մանրազնին, անկախ եւ անաչառ հետաքննության: Սա չի վերաբերում միայն իրենց ընտանիքի անդամների փոխարեն քվեարկած անհատների փոքր խմբին», - «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան. - «Ինչպես արդեն հստակ նշել է ԵԽԽՎ-ի ժամանակավոր հանձնաժողովը՝ բոլոր պատասխանատու անձինք, անկախ այն հանգամանքից, թե ինչ աստիճան են գրավում պետական հիերարխիայում, պետք է կանգնեն արդարադատության առջեւ»: Հարցազրույցում անդրադառնալով նաեւ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակին, Բոյանա Ուրումովան նշում է. - «Օրենքի դրույթները թույլ են տալիս խուսափել նման իրավիճակից: Տրամաբանական կթվար կիրառել այդ դրույթները տվյալ դեպքում, երբ չկան օրենքի կիրառմանը խանգարող օբյեկտիվ հանգամանքներ: Այդ պատճառով ցավալի է, որ նման կերպ են զարգացել դեպքերը»:

«Հայոց աշխարհ»-ն այսօր եւս անդրադառնալով ռուսական գազի թանկացման թեմային` նկատում է. - «Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի եւ այլ երկրների հետ գազային բանակցությունները Ռուսաստանը նախընտրեց վարել ԽՍՀՄ-ի` բոլորին իր կամքը թելադրող գերտերության ոճով: Բայց նա արդեն ամենեւին էլ ԽՍՀՄ-ը չէ, տանտերը չէ, այլ ընդամենը հետխորհրդային կոմունալ բնակարանի բնակիչներից մեկը: Ճիշտ է`գլխավոր բնակիչը, բայց այնուամենայնիվ ոչ տանտերը: Տարբերությունն այստեղ ահռելի է»: Իսկ «Այբ-Ֆե»-ում տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը ընդգծում է. - «Այսօր Ռուսաստանը գազը իբրեւ աշխարհաքաղաքական զենք է օգտագործում»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, նախորդ տարի հունվարի 27-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով ֆուտբոլի «Համագործակցության գավաթում» Բաքվի «Նեֆթչիից» «Փյունիկի» կրած պարտության մասին, հայտարարել էր, որ Աստված է կանչում, որ հաջորդ տարի էլ, այսինքն՝ 2006 թվականին, «Համագործակցության գավաթում» «Փյունիկը» նորից հանդիպի «Նեֆթչիի» հետ, որպեսզի հայկական կողմը ռեւանշի հասնելու հնարավորություն ունենա», - հիշեցնում է «Հայկական ժամանակ»-ը՝ հավելելով. - «Աստված, ինչպես ասում են, լսեց Ռուբեն Հայրապետյանի ձայնը: Սակայն «Փյունիկ»-«Նեֆթչի» հանդիպումը չի կայանա, քանի որ Երեւանի «Փյունիկը» հրաժարվել է «Նեֆչիի» հետ հանդիպումից»: Մեկնաբանի գնահատմամբ, սա թերեւս հայկական սպորտի պատմության «ամենախայտառակ էջերից մեկն է. - «Ինչքա՞ն կարելի է այս՝ այնպես էլ նվաստացած ու ճկված ժողովրդին էլի ու էլի նվաստացնել՝ «Համմերով» ֆռֆռալու սեփական իրավունքի ու արտոնության հաշվին»:


Հրաչ Մելքումյան