ՀԿԺ-ն չի մասնակցի ընդդիմության հաջորդ հանրահավաքին

«Արդարություն» խմբակցության ղեկավար, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը երկուշաբթի օրը ասել է, որ իր ղեկավարած կուսակցությունը չի մասնակցելու ընդդիմադիր «17 + 8» ֆորմատի հաջորդ հանրահավաքին, որը ծրագրված է անցկացնել 2006 թվականի հունվարի 27-ին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Դեմիրճյանը իր դժգոհությունը հայտնեց, որ, չնայած «Արդարություն» դաշինքի գոյությունը, դաշինքի անդամները «ինչ-որ ֆորմատներ են ստեղծում» եւ իրենց քայլերը, հանրահավաքները այդ ֆորմատի շրջանակում են քննարկում: Խոսքը «17 + 8» ընդդիմադիր ֆորմատի մասին է, որի քննարկումներին ՀԺԿ ղեկավարը չի մասնակցում, քանի որ, նրա համոզմամբ, «անիմաստ է նոր միավորումների ստեղծումը»:

Միաժամանակ Ստեփան Դեմիրճյանը ասաց, որ իր ղեկավարած կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ, բայց՝ առանց «պայմանական ֆորմատների»:

Իսկ «17+8» ընդդիմադիր ֆորմատը, որի մեջ մտնում են թե' «Արդարություն» դաշինքի անդամները, թե’ ընդդիմադիր այլ ուժեր, այս օրերին քննարկում է «Ղարաբաղ» կոմիտեի օրինակով նոր կոմիտե ստեղծելու տարբերակը: Ստեղծվելիք կոմիտեն էլ պետք է քաղաքացիական շարժման միջոցով հասնի իշխանափոխության:

«Գաղափարը գեղեցիկ է, շատ լավ է հնչում, բայց դրանից ավելի՝ ոչինչ», - ասաց Դեմիրճյանը: - «Նախ պետք է քննարկել այդ կոմիտեի նպատակահարմությունը»:

«Ես, նախ, դեմ եմ ինչ-որ հապճեպ որոշումների: Երկրորդը, ես գտնում եմ, որ հարցերը պետք է լուծել բնականոն ճանապարհով: Արհեստական ֆորմատային փոփոխություններով արդյունքի չես հասնի», - ասաց նա՝ հավելելով, որ ժամանակին «Ղարաբաղ» կոմիտեն ստեղծվեց բնականոն ճանապարհով՝ «ժողովրդից եկած ճնշման տակ»:

Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ, ինչ-որ բան հայտարարելուց առաջ, նախ պետք է համակողմանիորեն քննարկել եւ վերլուծել, թե որքանով են այդ հայտարարությունները իրական: Նրա խոսքերով, ժողովուրդը իսկապես դժգոհ է իշխանություններից եւ ուզում է օր առաջ ազատվել նրանցից, բայց հասարակությունն այսօր պատրաստ չէ հեղափոխության, ինչի ապացույցը սակավամարդ հանրահավաքներն են:

«Արդյունք կարող է տալ միայն հասարակության հետեւողական պայքարը», - ասաց նա՝ հերքելով, թե ՀԺԿ-ն գնում է դեպի հերթական խորհրդարանական ընտրություններ: - «Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի օրինական իշխանության հաստատումը հնարավորինս արագ իրականացվի մեր երկրում»:

ՀԺԿ ղեկավարը նաեւ չբացառեց, որ ընդդիմադիր դաշտում հաջորդ տարի վերադասավորումներ լինեն. - «Եթե դաշինքի մեջ ընդգրկված առանձին կուսակցություններ նպատակահարմար կհամարեն դուրս գալ դաշինքից, ապա դա իրենց որոշելու խնդիրն է: Ավելացնեմ միայն, որ ՀԺԿ-ն կարող է եւ առանձին գործել՝ բնականաբար, համագործակցելով հուսալի գործընկերների հետ: Ինչ խոսք, 2006 թվականին կլինեն վերադասավորումներ թե’ ընդդիմադիր դաշտում, թե’ իշխանական ճամբարում: Վերադասավորումները չեն բացառվում. որեւէ բան հավերժ չէ»:


Ռուզաննա Ստեփանյան