Սաբինա Ֆրեյզեր. «Հայաստանը դեմ չէ դուրս բերել զորքերը գրավյալ մի քանի տարածքներից»

Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Կովկասի գծով ծրագրային տնօրեն Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, թե Հայաստանը դեմ չէ դուրս բերել զորքերը գրավյալ մի քանի տարածքներից՝ նախքան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հաստատումը:

«Այդ հարցի շուրջ իմ դիրքորոշումը ձեւավորվել է Հայաստանի պաշտոնյաների, ինչպես նաեւ հասարակական կարծիքի վերլուծության հիման վրա», - «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում նշեց Սաբինա Ֆրեյզերը:

Նրա խոսքերով, «Պրահայի գործընթացի մեկնարկից հետո կողմերը երկար ճանապարհ են անցել եւ այժմ հեռու չեն խնդրի կարգավորումից, սակայն փոխզիջման հասնելու համար ստիպված են մի քանի կարեւոր եւ դժվարին քայլեր անել»: Հայկական կողմն, ըստ նրա, առայժմ համաձայնության չի գալիս Լաչինն ու Քելբաջարը վերադարձնելու հարցում, իսկ Ադրբեջանը մերժում է Ղարաբաղի կարգավիճակը հանրաքվեի միջոցով որոշելու հնարավորությունը:

«Պետք է նախ որոշել, թե ե՞րբ են գրավյալ տարածքները ազատագրվելու, որոշել՝ անտվանգության ի՞նչ երաշխիքներ են ստանալու կողմերը եւ ինչպե՞ս է լուծվելու Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը: Կողմերը պետք է համաձայնության գան նաեւ Լաչինի հարցի շուրջ», - համոզված է ՄՃԽ-ի կովկասյան բաժնի ղեկավարը:

«Սակայն դժվար է ասել՝ արդյոք այդ համաձայնությունը ձեռք կբերվի փետրվարին նախանշվող հանդիպման ընթացքում», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սաբինա Ֆրեյզերը:

Սաբինա Ֆրեյզերը կարեւորեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եկող տարվա սկզբին կայանալիք հանդիպումը՝ հույս հայտնելով, թե «նրանց կհաջողվի իրագործել փոխզիջման համար անհրաժեշտ վերջին դժվարին քայլերը»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա