Յուրի Մերզլյակով. «Կողմերը սկսել են հաշվի առնել միմյանց դիրքորոշումն ու շահերը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից դրական է գնահատում անցնող 2005 թվականը:

«Այս տարի արձանագրվել են որոշակի դրական պահեր, հհատկապես՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների արդյունավետ հանդիպումների հետ Վարշավայում եւ Կազանում: Կարեւոր է, որ կողմերը սկսել են հարցին մոտենալ՝ հաշվի առնելով միմյանց դիրքորոշումն ու շահերը: Նվազել է պահանջների մակարդակը», - «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում նշեց Յուրի Մերզլյակովը:

«Մինսկի խմբի համանախագահողները համարում են, որ 2006 թվականը լավ հնարավորություններ է ընձեռում հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջընթաց արձանագրելու համար», - հայտարարեց Մերզլյակովը՝ չբացառելով, որ «գործընթացը կարող է կրկին փակուղու մեջ մտնել»:

Ինչ վերաբերում է կարգավորման վերաբերյալ փաստաթղթին, ապա «այն կարելի է սպասել 2006 թվականին», թեեւ ռուսաստանցի դիվանագետը նորից ընդգծեց, որ «մի շարք հիմնարար սկզբունքների շուրջ կողմերը համաձայնության չեն եկել»:

«Մինսկի խմբի նոր առաջարկների հետ Երեւանում, Բաքվում եւ Ստեփանակերտում արդեն ծանոթացել են, թեեւ որոշ հարցեր դեռ մնացել են: կա ինը կետ, որի շուրջ ադրբեջանական կողմը համաձայնության դեռ չի եկել», - փոխանցեց Յուրի Մերզլյակովը:

Քոչարյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը, ռուսաստանցի դիվանագետի կարծիքով, կարող է կայանալ 2006-ի փետվարի սկզբին, սակայն դեռեւս վաղ է խոսել, թե եվրոպական որ քաղաքում այն կանցնի:

Ազա Բաբայան, Մոսկվա