ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նիստ Փարիզում

Հինգշաբթի օրը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովը Փարիզում քննարկելու է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հարցը:

«Նիստում ներկայացվելու է Եվրախորհրդի առջեւ Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը: Հայաստանի հարցով զեկուցողը ներկայացնելու է սահմանադրական հանրաքվեի արդյունքների հետ կապված գնահատականները: Մոնիտորինգային հանձնաժողովը փորձելու է նաեւ բարձրացնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չճանաչելու հարցը», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը:

Պատգամավորը նշեց, թե Ադրբեջանի հարցում նախաձեռնության հեղինակներն են ԵԽԽՎ-ի մոնիտորինգային հանձնաժողովում Ադրբեջանի հարցով զեկուցողներ Անդրեաս Գրոսն ու Անդրես Հերկելը, ովքեր «չափազանց վրդովված են երկրում խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո ստեղծված իրավիճակով»:

«Դժվար է կանխագուշակել, թե ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը: Իմ նախնական գնահատականով, թուրքական եւ ռուսաստանյան պատվիրակությունների ներկայացուցիչները դեմ են լինելու Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցմանը: Ինքը Ադրբեջանը քվեարկելու իրավունք չունի», - ասաց Շավարշ Քոչարյանը:


Արմեն Զաքարյան