Սահմանադրական հանրաքվեն «Հայաստանը մոտեցրել է Եվրոպային»

Սահմանադրական հանրաքվեի միջազգային արձագանքները դադարեցին գրեթե մեկ շաբաթվա ընթացքում: Լռողների մեջ էր նաեւ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը, որը հսկայական աշխատանք էր կատարել Սահմանադրության փոփոխված տարբերակի վրա:

Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջիանի Բուքիքիոն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այդ կապակցությամբ ասաց, թե Եվրախորհրդի դիտորդական առաքելության զեկույցը շուտով կհրապարակվի:

«Եվրախորհուրդը դիտորդական առաքելություն էր ուղարկել Հայաստան, որի պարտականություն էր գնահատել հանրաքվեն: Սովորաբար այդպիսի առաքելություները հանդես են գալիս հայտարարությամբ եւ հետո պատրաստում են զեկույց: Հայտարարությունը ես կարդացել եմ հանրաքվեից անմիջապես հետո, իսկ զեկույցը, կարծում եմ, կհրապարակվի շուտով», - ասաց Բուքիքիոն:

Եվրախորհրդի դիտորդական առաքելությունը, հիշեցնենք, հանրաքվեի հաջորդ օրը հայտարարել էին, որ քվեարկությունը միջազգային չափանիշներին համապատասխանել է«ոչ ամենուր, բայց այն արտահայտեց մասնակցածների ազատ կամքը»:

«Ծայրահեղ ցածր մասնակցությունը քվեարկությանը չի համապատասխանել ընտրական հանձնաժողովների կողմից հրապարակված բարձր ցուցանիշներին», - այդուհանդերձ, ասված էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպայի տեղական դիտորդական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի՝ ընդհանուր առմամբ 14 հոգուց բաղկացած պատվիրակությունների համատեղ հայտարարությունում:

Վենետիկի հանձնաժողովի նախագահը ափսոսանք հայտնեց, որ հանրաքվեն այնքան լավ չանցավ, որքան ինքը կցանկանար: «Բոլոր դեպքերում, դա այլեւս կայացած փաստ է, եւ, ըստ իմ տեղեկությունների, ԿԸՀ կամ դատարաններ որեւէ բողոք չի ներկայացվել», - ասաց նա՝ ավելացնելով սակայն. - «Մյուս կողմից, ես երազում եմ այն ժամանակների մասին, երբ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում անցկացվող ընտրությունները կլինեն ազատ եւ արդար: Հույս ունեմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»:

Բուքիքիոյի կարծիքով, Սահմանադրության փոփոխությունները «ավելի կմոտեցնեն Հայաստանը Եվրոպային». - «Դուք հիմա կունենաք ավելի հավասարակշռված ու ժողովրդավարական Սահմանադրություն: Սա, իհարկե, իդեալական Սահմանադրություն չէ, սակայն սա լուրջ քայլ է առաջընթացի ուղղությամբ՝ մանավանդ նախորդ տարվա առաջարկությունների համեմատ»:

Հարցին, թե իր կարծիքով կգործե՞ն բարեփոխված սահմանադրական նորմերը Հայաստանում, Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը պատասխանեց. - «Կարեւորում եմ 2 տարր՝ բուն քվեարկությունը եւ այն, որ, կարծես, եղել են կեղծիքներ: Նկատելի էր նաեւ բնակչության որոշակի հատվածի անտարբերությունն ու հիասթափությունը այն իմաստով, որ բնակչությունը հանրաքվեն եւ սահմանադրական բարեփոխումները կարեւոր չհամարեց: Եվ դա այն պատճառով, որ հասարակությունը չի հավատում, թե Սահմանադրությունը կյանքի կկոչվի ճիշտ ձեւով: Բայց կարծում եմ, որ Հայաստանը հիմա ունի այնպիսի կառույցներ, որոնք կապահովեն Սահմանադրության ճիշտ կիրառումը»:

«Դուք ունեք Սահմանադրական դատարան, դատական համակարգ, որն այժմ շատ ավելի անկախ կլինի», - շարունակեց նա: - «Անհրաժեշտություն կա փոխել ընտրություններին առնչվող պաշտոնյաների, ինչպես նաեւ քաղաքացիների մտածելակերպը՝ ապագայում լավ ընտրություններ ունենալու համար: Եթե կան կեղծիքներ, պետք է լինի նաեւ պատիժ, որպեսզի փոխվի այդ մենթալիտետը: Նոր նախաձեռնություններ պիտի լինեն: Փորձելու ենք նպաստել հաջորդ ընտրությունների ազատ լինելուն՝ սեմինարներ կազմակերպելով ընտրություներին առնչվող պաշտոնյաների համար»:


Արմեն Զաքարյան