Մամուլի տեսություն

(Շաբաթ, 10-ը դեկտեմբերի)

«Հայկական ժամանակ»-ը, ներկայացնելով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի 21 հարցը, նկարագրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքից հետո իր կուսակիցների հետ շարժվեց Բաղրամյան պողոտա՝ նամակը հանձնելու Ռոբերտ Քոչարյանին: Եվ քանի որ ուրբաթ օրը, պարզվում է, նախագահի աշխատակազմը մի քիչ շուտ է տուն գնում, երեկ այդ նամակը վերցնող այդպես էլ չի գտնվել: Րաֆֆի Հովհաննիսյանը նամակը գցել է նախագահական նստավայրի ճաղավանդակից ներս, որի պարիսպները հսկում էր ոստիկանների երկար շերտը»:

Վկայակոչելով «Ա1+»-ին՝ «Առավոտ»-ը փոխանցում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանին սպասում էր երեք ոստիկանական «Գազել», երեք սովորական մարդատար ավտոմեքենա, երկու «Վիլիս»: Գրելով, թե ծրարը, որի վրա գրված էր «ՀՀ նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանին», նստավայրի ճաղերից այն կողմ դնելուց հետո Հովհաննիսյանը հեռացավ նստավայրից՝ առանց մի բառ արտասանելու՝ թերթը շարունակում է. - «Ոստիկանները համառորեն սպասում էին, որ ակցիան լուսաբանող «Ա1+»-ի լրագրողները հեռանան, որպեսզի իրենք նամակի ճակատագիրը որոշեն: Ի վերջո, նախագահականի դարպասի դիմացով անցնելիս երեք ոստիկաններից մեկը զգուշորեն վերցրեց նամակը եւ փութաջանորեն թաքցրեց այն»:

«Հայոց աշխարհ»-ը, մեջբերելով նամակի հարցադրումներից մի քանիսը, հավելելում է. - «Երբեմնի պաշտոնյայի հետաքրքրասիրությունը սրանով չի ավարտվում: Նախկին արտգործնախարարը, որին պաշտոնից ազատելու պատճառը, ըստ նրա հաջորդի՝ Ալիկ Արզումանյանի, «ոչ կոմպետենտությունն էր» (այս մասին օրերս վերջինս հայտարարեց Հ1-ի եթերից), նաեu հարցնում է. - «Պատերազմից, ճակատային գործողություններից դուրս դուք մարդ սպանե՞լ եք», - գրում է «Հայոց աշխարհ»-ը՝ ընդգծելով. - «Եվ այս հարցաշարը, հայտնի չէ, թե ինչ նպատակով, իր հետ տարել է Ուկրաինա եւ միայն վերադառնալուց հետո է հանձնում հասցեատիրոջը... Սա է «Հայաստանի շահից, ազգային շահից» խոսողի վարքագիծը»:

«Ընդդիմության գործունեության մեջ ամենաշատը զարմացնում է այն, որ նրանք կարծես մեղքի ոչ մի զգացողություն չունեն հանրաքվեի համար: Նրանք չեն կարողանում կամ չեն ցանկանում ընդունել, որ նոյեմբերի 27-ը ծանր պարտություն էր, եւ այդ պարտության համար իրենք են մեղավոր», - նախատում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Ժողովուրդը շատ լավ հասկանում էր, որ առաջարկվող փոփոխությունները վատն են, եւ ժողովուրդը դրա դեմն առնելու գործը վստահել էր ընդդիմությանը»: Թերթի գնահատմամբ՝ ընդդիմությունն «այդ գործը ձախողեց եւ դա, անկախ ամեն ինչից, ծանր պարտություն էր»:

«Հայոց աշխարհ»-ի հայացքով, նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեով ավարտված քաղաքական պայքարի հերթական շրջափուլը արհեստականորեն երկարաձգելու՝ միացյալ ընդդիմության ներկա փորձը ակնհայտորեն նմանվում է «հեռացած գնացքի հետեւից վազող ուշացած ուղեւորի անիմաստ աճպարարության»:

«Բաժնետեր հեղափոխականների մասնավոր «զանգվածը» վերջին օրերին այնքան էր լսել «բռունցքվելու» մասին, որ երեկ, հարթակից ներքեւ նայելիս իրոք կարելի էր տեսնել «մի բռունցքի» չափ ժողովուրդ» , - հեգնում է «Հայոց աշխարհ»-ը: - «Կինոյի տուն - Մատենադարան երթուղին անգիր արած միտինգավորների թիվը արդեն իրոք հասել էր կրիտիկական սահմանագծին. Մատենդարանի տարածքում էր հավաքվել այնքան մարդ, որքան կտեղավորվեր նույն Կինոյի տան դահլիճում»:

Ըստ «Չորրորդ իշխանության»՝ ընդդիմության հանրահավաքներին մասնակցողների թիվը միանգամայն այլ ցուցանիշ է՝ քանի մարդ կա Հայաստանում, որ «պատրաստ է անտեսել ոստիկանական հետապնդումների վտանգը, պատրաստ է հաղթահարել ցակացած խոչընդոտ եւ պայքարել Քոչարյանի ռեժիմի դեմ»:

«168 ժամ»-ի դիտարկմամբ, ժողովուրդը չի վստահում «ո’չ իշխանություններին, ո’չ ընդդիմությանը»: «Դա էլ իր հերթին նշանակում է», - բխեցնում է թերթը, - «որ ժողովուրդը քաղաքական դաշտում նոր դեմքեր է ուզում տեսնել»:

«Մառախուղը մաքսավորներին հարստացրեց» վերանգրի ներքո «168 ժամ»-ը պատկերում է. - «Ինքնաթիռից իջած ու ստիպված ավտոբուսում հայտնված ուղեւորները մառախուղի պատճառով մաքսատան աշխատակիցների համար դարձան եկամտի աղբյուր: Եթե այս պահին կարելի է փող աշխատել, ինչո՞ւ թողնել վաղվան. սա է մեր հարազատ երկրի վերաբերմունքը»:


Հրաչ Մելքումյան