«Սի-Էս ֆիլմ» ստուդիա «Հայֆիլմ»-ի փոխարեն

«Հայֆիլմ»-ի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքերով՝ օրենքն է պահանջում, որ «վաճառված հիմնարկը փոխի անունը 2-3 տարով». - «Հույս ունենանք, որ բացառության կարգով 2 տարի հետո «ՍիԷս ֆիլմ»-ը նորից «Հայֆիլմ» կկոչվի: Մինչ այդ, սակայն, արտադրված ֆիլմերում կմնա «Հայֆիլմ»-ի ապրանքանիշը, վերանվանվում է միայն հիմնակությունը»:

Մասնավորեցված «Հայֆիլմ»-ում պահպանվելու է պետական ֆինանսավորումը. ֆիլմեր նկարահանվելու են նաեւ պետպատվերի շրջանակներում: Իսկ ներդրումներ կատարող Գաֆեսչյան հիմնադրամը նպատակ ունի «Հայֆիլմ»-ը վերափոխել՝ դարձնելով գերժամանակակից կինոֆաբրիկա: Գեւորգ Գեւորգյանի հավաստմամբ՝ «ոչ մի շենք չի քանդվելու, միայն նորերն են կառուցվելու, եղածներն էլ վերանորոգվելու են, որպեսզի համապատասխանեն միջազգային չափանիշներին»:

Կատարված առաջին փոփոխությունները հիմնականում կապված են տեխնիկական վերազինման հետ: Մասնավորապես, շուտով Հայաստան կբերվեն առաջին նորույթները՝ 2 գերժամանակակից տեսախցիկ:

«Թոմսոն» ընկերության հետ կնքված պայմանագրով 2006֊-ի առաջին եռամսյակում կստանանք առայժմ 2 «Առեֆլեքս» մակնիշի կինոխցիկներ՝ իրենց բոլոր սարքավորումներով», - ասում է Գեւորգ Գեւորգյանը:

«Սի-Էս» ստուդիայի կարեւոր նվաճումներից է նաեւ այն, որ առաջիկայում Հայաստան կբերվեն հայկական բոլոր կինոժապավենների բնօրինակները, որոնք մինչեւ հիմա պահվում են Մոսկվայի «Բելիե Ստոլբի» արխիվում: Ստուդիայում սա բացառիկ նվաճում են համարում, քանի որ նախկինում իրենց ֆիլմերը ձեռքբերելու փորձ արել են Վրաստանը, Ուկրաինան, բայց մերժում են ստացել: Արխիվային ժապավենները Հայաստանում վերականգնվելու եւ թվայնացվելու են:

Վերականգնման համար առաջիկա ամիսներին ներմուծվելու է «Դա Վինչի» համակարգը:

«Սի-Էս» ստուդիայի առաջնեկը «Մուսա լեռան 40 օրն» է լինելու: Այն Հայաստանի, Գերմանիայի, Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ աշխատանքն է: Նկարահանումները սկսվելու են գալիք տարվա հունիսին:

«99 տոկոսով ֆիլմը Հայաստանի տարածքում է նկարահանվելու, միայն մի ծովային տեսարան կնկարահանվի Լոնդոնում, թուրքական բաղնիքի մի տեսարան էլ՝ թերեւս Աբխազիայի տարածքում», - ասում է Գեւորգ Գեւորգյանը:

Կինոստուդիայի կինոքաղաքականությունը մշակելու համար հայ մտավորականների հատուկ խորհուրդ է կազմավորվելու:

«Ես չեմ ուզում անուններ տալ, քանի որ դեռ որոշված չէ խորհրդի կազմը: Ասեմ միայն, որ առաջարկներ ենք անելու բոլոր հայտնի ստեղծագործողներին: Մեծ խորհուրդ է լինելու, որը որոշելու է այս կառույցի մշակութային քաղաքականությունը», - նշեց Գեւորգ Գեւորգյանը:


Սեդա Պապոյան