Մամուլի տեսություն

«Հանրապետության նախագահը զրուցեց գյումրեցիների հետ, լսեց նրանց հուզող սոցիալական խնդիրների մասին, պատասխանեց հարցերին: Նա մայրաքաղաք վերադարձավ մի շարք նամակներով: Քաղաքացիները նշում էին, որ դժվարություններ ունեն բնակարանաշինական աշխատանքի ապահովման հետ կապված», - պատմում է «Հայաստանի Հանրապետություն»-ը: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, մինչդեռ, Գյումրիի մարզպետարանի շենքի մոտ հավաքված մարդիկ, հիմնականում կանայք, փորձել են մոտենալ Քոչարյանին եւ իրենց խնդիրները ներկայացնել, սակայն ոստիկանները խոչընդոտել են նրանց:

«Աղետի գոտու հիմնահարցն այս տարիներին բավական շատ շահարկվեց երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած ընտանիքների մասին առանձնահատուկ ջերմեռանդությամբ հիշեցին մանավանդ 1998, նաեւ 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ աղետի գոտու վերականգնման հիմնախնդիրը դարձավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստման ամենահիմնական կետերից մեկը», - դիտարկում է «168 ժամ»-ը: - «Ռոբերտ Քոչարյանը սկզբում խոստացավ մինչեւ 2001, հետո՝ 2002, հետո էլ 2003 թվականը վերականգնել աղետի գոտին, բայց մինչեւ հիմա իր խոստումը չի կատարում ու Գյումրիում դեռ հազարավոր անօթեւան ընտանիքներ կան»: Իսկ «Հայոց աշխարհ»-ը գնահատում է. - «Գյումրիում քաղաքաշինության առումով անուրանալի է նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ սփյուռքահայ բարերար Քըրք Քըրքորյանի վաստակը»:

«Այսպիսով ավարտվեց յոթնօրյա ժամկետը, որի ընթացքում ընդդիմությունը իրավունք ուներ դիմել Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքները: Մինչդեռ ընդդիմության կողմից ոչ միայն նման դիմում չի եղել, այլեւ բոյկոտի կողմնակիցները քվեարկության օրը փորձ իսկ չարեցին անհրաժեշտ հետեւողականությամբ վերահսկելու հանրաքվեի ընթացքը: Սա նշանակում է, որ ընդդիմությունն ինքը՝ սեփական նախաձեռնությամբ, ի սկզբանե հրաժարվեց իրավական ճանապարհով գնալու տարբերակից: Իսկ այսօր այն ընդհանրապես փակվեց», - արձանագրում է «Հայոց աշխարհ»-ը՝ հավելելով. - «Այսուհետ ցանկացած խոսակցություն հանրաքվեի արդյունքները կեղծելու մասին ավելի շուտ կնմանվի բամբասանքի»: Ըստ մեկնաբանի՝ հանրաքվեի արդյունքները ուժի մեջ մտնելուց հետո, կարելի է արձանագրել ընդամենը մի շատ պարզ ճշմարտություն՝ «կռիվն արդեն ավարտվել է». - «Իսկ կռվից հետո բռունցքներ թափահարելու գործելակերպը, մեղմ ասած, այնքան էլ պատվաբեր չէ»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը վաղ է համարում խոսել, որ ընդդիմությունը տանուլ տվեց», - գրում է «Առավոտ»-ը՝ մեջբերելով նրա խոսքերը. - «Հիմա է ռեալ պայքարը սկսվում»:

«Հայոց աշխարհ»-ում ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը ընդգծում է. - «Մենք համոզված ենք, որ հանրաքվեն կեղծվել է եւ սահմանադրական փոփոխությունները չեն ընդունվել, բայց իրավական դաշտում դրա բողոքարկումը չուներ որեւէ հեռանկար: Սահմանադրական դատարան դիմելու ոչ մի փորձ նախորդ տարիներին որեւէ արդյունքի չի հանգեցրել, ուստի բողոքարկման այս ժամկետը բաց թողնելը պատահական չէր»:

«168 ժամ»-ում անդրադառնալով հանրաքվեին չմասնակցած քաղաքացիների ստորագրահավաք կազմակերպելու ընդդիմության նախաձեռնությանը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նշում է. - «Փաստերը պետք է հիմնված լինեն Սահմանադրության եւ օրենքների վրա: Ըստ ԿԸՀ-ի տվյալների, 1922 տեղամասային հանձնաժողովներից 884-ում հանձնաժողովի բոլոր 9 անդամները աշխատել են, իսկ 527-ում աշխատել է 8 մարդ: Այսինքն՝ այս 8-ից գոնե մեկն ընդդիմության ներկայացուցիչ է եղել: Մարդիկ արձանագրություններ են ստորագրել. ո՞վ պետք է տա սրանց բացատրությունները: Եթե մարդիկ խնդիր ունեին, իրենց անդամներն էին, թող հատուկ կարծիք գրեին, չստորագրեին արձանագրությունների տակ ու այսօր այդ ամենը դնեին սեղանին՝ ասեին սրանց հիման վրա մենք վիճարկում ենք... Անկեղծ ասած», - անկեղծանում է Տիգրան Թորոսյանը, - «ինձ մոտ տպավորություն կա, որ իրենք չեն էլ ուզում վիճարկել»:

«Այժմ եւ առաջիկա մի քանի շաբաթների կամ նույնիսկ ամիսների ընթացքում Հայաստանին եւ հայաստանցիներին վերաբերող ամենակարեւոր որոշումը, որ կայացվելու է, լինելու է գազի գնի փոփոխության մասին որոշումը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ մատուցելով. - «Թե որտեղ է այն կայացվելու, որքանով եւ ինչով կարելի է ազդել այդ որոշման վրա, քաղաքական խնդիր է... Իհարկե, գազի գնի բարձրացման հետեւանքները եւս կարող են քաղաքական լինել եւ գազի գնի սպասվելիք բարձրացումը հիմնականում քննարկվում է հենց քաղաքական պատճառների ու հետեւանքների տեսանկյունից»: «Այն, որ գները բարձրանալու են, արդեն ոչ ոք չի ժխտում, այլ հարց է, թե դրանք որքանով կբարձրանան եւ որքանով կազդեն մեր տնտեսության վրա», - խնդիրը դիտարկելով այս տեսանկյունից՝ «168 ժամ»-ը նախանշում է. - «Դժվար է գուշակել, թե կոնկրետ ինչ կձեռնարկի կառավարությունը, սակայն մի բան պարզ է՝ ոչինչ չանելու դեպքում գների աճն անխուսափելի կլինի, եւ ինֆլյացիան էականորեն կգերազանցի բյուջեով նախատեսված 3-4 տոկոս ցուցանիշը: Սա ըստ էության կնշանակի բնակչության իրական եկամուտների նվազում, ինչն էլ առավել կմեծացնի հասարակության դժգոհությունը գործող իշխանությունների նկատմամբ: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը, կամա թե ակամա, ջուր է լցնում ընդդիմության ջրաղացին»:

«Մեր կյանքի ամենածանր խնդիրն այն է, որ բոլոր տեսակի մասնագետները դուրս են գալիս իրենց իրավասությունների շրջանակներից», - սահմանում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Ոստիկանները շատ ավելին են, քան հասարակական կարգի պահապանները: Նրանք ամենից առաջ պաշտոնյաների եւ օլիգարխների պահապաններն են»:


Հրաչ Մելքումյան