Անգլերեն-հայերեն բառարան Եվրախորհրդով հետաքրքրվողների համար

Բառարանը, որ ներառում է 25000 բառ, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի կոնվենցիաների եւ խորհրդի հապավումների ցանկ` հայերեն թարգմանությամբ, ստեղծվել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի նախաձեռնությամբ:

«Բառարանը նախատեսված է օգտագործման լայն շրջանակների` առաջին հերթին ուսանողների, դասախոսների, միջազգային ատյաններում աշխատողների, Եվրախորհդրի զարգացումներով ու փաստաթղթերով հետաքրքրվողների համար», - ասում է Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի տնօրեն Սյուզան Մարուխյանը:

2000 օրինակ տպաքանակով լույս տեսած բառարանը վաճառքի ենթակա չէ: Սյուզան Մարուխյանի խոսքով, բառարանը առաջին հերթին կտրամադրվի բուհերի գրադարաններին:

Բառարանն ավելի մատչելի դարձնելու համար նախատեսված է նաեւ դրա էլեկտրոնային տարբերակը, որ հավանաբար կսկսի գործել մյուս տարի` Եվրախորհդի տեղեկատվական գրասենյակի`www.coe.am կայքում:

«Ամենից շատ մենք հայերեն-անգլերեն լավ բառարանի կարիք ենք զգում», - ասում է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Մարինեն:

Սակայն հայերեն - անգլերեն բառարանի ստեծման նպատակներ Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակը առայժմ չունի: Իսկ քանի դեռ չկա հայերեն -անգլերեն մեծ բառարան, կարելի է օգտվել նորաստեղծ բառարանի վերջում տեղ գտած հայերեն-անգլերեն փոքր բառացանկից:


Սյուզաննա Ստեփանյան